Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Բագրատունի. «Խաչատրյանի մրցույթը երաժշտական աշխարհին տվել է հիանալի երաժիշտ կատարողների, վոկալիստների և դիրիժորների»

Ապրիլ 11,2018 14:38

Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, կմեկնարկի Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը։ Այն այս տարի անցկացվելու է թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրին նախագահելու է մեր ժամանակների մեծագույն թավջութակահար, Միչիգանի պետական համալսարանում թավջութակի պրոֆեսոր, լարային գործիքների ամբիոնի ղեկավար Սուրեն Բագրատունին։

Խաչատրյանական մրցույթը տարիներ շարունակ երաժշտության տարբեր ոլորտներում բացահայտում է տաղանդաշատ երիտասարդների, նոր անուններ, որոնք հետագայում կայացել, իրենց ներդրումն են ունեցել դասական երաժշտության ոլորտում։

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Սուրեն Բագրատունին նկատում է, որ խաչատրյանական մրցույթը կարևորագույն իրադարձություն է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային երաժշտական կյանքում։ «Կարծում եմ՝ թավջութակահարների մրցույթը խոստանում է լինել շատ հետաքրքիր մասնակիցների ընտրության տեսանկյունից։ Որպես ժյուրիի նախագահ՝ անհամբերությամբ եմ սպասում երիտասարդ կատարողների հետ հանդիպմանը։ Խաչատրյանի ամեն նախորդ մրցույթը երաժշտական աշխարհին տվել է հիանալի երաժիշտ կատարողների, վոկալիստների և դիրիժորների։ Հույս ունեմ, որ այս տարի կայանալիք մրցույթը նույնպես կկատարի իր առաքելությունը»,- ասում է ժյուրիի նախագահը։

Խոսելով մրցույթի ժյուրիի անդամների մասին՝ պարոն Բագրատունին նշում է, որ նրանք ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներ՝ ԱՄՆ, Գերմանիա, Շվեյցարիա, Թայվան, Հարավային Կորեա, Ռուսաստան, Սերբիա. «Ժյուրիի 7 անդամներին սպասվում է մրցույթի մասնակիցներից լավագույնների ընտրությունը։ Ցավոք, հաղթանակի ուրախության հետ մրցույթը միշտ բերում է պարտության դառնությունը։ Բայց հետագա կյանքն ամեն ինչ իր տեղն է դնում»։

Մրցույթն այս տարի մեծ խորհուրդ ունի. անցկացվում է Արամ Խաչատրյանի 115-ամյա հոբելյանական տարում։ Մրցույթի ընթացքում ի՞նչ տեղ է տրվելու Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմանը։ Սուրեն Բագրատունին նկատում է. «Թավջութակահարների բախտը բերել է, քանի որ Արամ Խաչատրյանը, լինելով թավջութակահար, մեզ՝ թավջութակահարներիս համար գրել է մի քանի ստեղծագործություններ։ Ես մրցույթի պարտադիր ծրագրի մեջ ներառել եմ նրա մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան և ըստ ընտրության՝ Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։ Այս երեք ստեղծագործություններն են, որ պետք է լինեն ժամանակակից թավջութակահարների երկացանկում»։

Անցած 13 տարիների ընթացքում խաչատրյանական մրցույթը բազմաթիվ հայտնի երաժիշտների է բացահայտել, այդ թվում՝ թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանին, Անդրեյ Իոնիցային և այլոց։ Սուրեն Բագրատունին շեշտում է, որ Նարեկ Հախնազարյանն ու Անդրեյ Իոնիցան հրաշալի թավջութակահարներ են և իրենց վաստակած տեղն ունեն միջազգային երաժշտական հարթակներում։ Նա հույս հայտնեց, որ առաջիկա մրցույթը նույնպես կբացահայտի նոր տաղանդների։

Սուրեն Բագրատունին՝ որպես բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ճանաչված մանկավարժ, որը շատ լավ հասկանում է մրցույթի մասնակից երիտասարդ երաժիշտների հուզմունքը, վերջիններիս խորհուրդ է տալիս լավ պատրաստվել, ունենալ լավ ինքնազգացողություն և բնական կատարողականություն։ «Շատ կարևոր է լինել ինքդ քեզ հետ և նվիրված երաժշտությանը»,- ասում է Սուրեն Բագրատունին։

 

Արփի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30