«Հիմարություն է, անպարկեշտ պահվածք»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Արարատ Միրզոյանի ակցիան այսպես որակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ընդդիմադիր պատգամավորները, հիշեցնենք, խորհրդարանի դահլիճում այսօր ճայթուցիկներով ակցիա իրականացրեցին:
Իշխող կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն ասում է՝ Ազգային ժողովն ունի իր գործելաոճը եւ իրեն ու իր գործընկերներին հարգող ցանկացած պատգամավոր պետք է հետեի դրան:
Միաժամանակ, Գագիկ Մինասյանը հեգնանքով կամ քննադատությամբ չի վերաբերվում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիից մեկնարկած քայլերթին: Ասում է՝ օրենքի սահմաններում արվող ամեն ինչ, որեւէ քաղաքական ուժի կողմից, ողջունելի է։
Լրագրողները հիշեցրին՝ ակցիայի մասնակիցներն ամսի 17-ին շրջափակելու են խորհրդարանի շենքը, որպեսզի վարչապետի քվեարկության օրը պատգամավորները չկարողանան գալ քվեարկության, Գագիկ Մինասյանը հակադարձեց՝ քաղաքացու տեղաշարժի իրավունքը սահմանափակելն անթույլատրելի է: Նա ասաց, որ «անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմինները կարձագանքեն»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ