Լրահոս
Օրվա լրահոսը

Միրա Անտոնյան. «15 անգամ դատապարտված կինը Սարի թաղում ապրում է գողական օրենքներով»

Ապրիլ 11,2018 14:32

ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը ապրիլի 11-ին «Մեդիա կենտրոնում» երեխաների պաշտպանության համակարգում ընթացող բարեփոխումների թեմայով ասուլիսի ժամանակ ասաց, որ ոլորտում կան չլուծված խնդիրներ:

Միրա Անտոնյանը խոսեց մի քանի կարծրատիպերից, որոնցից, ըստ նրա, պետք է ձերբազատվել. «Երբ ասում ենք, որ երեխաներին հարազատներին տանք, դրա մեջ մեծ իմաստ կա, որ երեխան հեռու չգնա սեփական հարազատներից, հաճախի նույն դպրոցը եւ այլն, բայց հարգելով այդ հանգամանքը, արյունակցական կապը, միեւնույն ժամանակ ստերեոտիպ կա, որ եթե բարեկամներն են, հարազատներն են, ապա պետությունն անելու բան չունի, բացի ֆորմալացնելը այդ հարաբերությունները, այսինքն` ստացվում է՝ կնշանակենք տատիկներին խնամակալ, եւ վերջ, պետության ֆունկցիան այսքանն է, մինչդեռ մեզ պետք է երեխան հետաքրքրի, ոչ թե այն մոդելը, թե որտեղ տեղավորեցինք երեխային… »:

Նա «դիմադրող» ծնողներին էլ անդրադարձավ. «Ունենք իրենց ոչ ադեկվատ պահող ծնողներ, որոնք ոչ պահում են երեխաներին, ոչ հրաժարվում, ոչ էլ համաձայնվում են, մի տեսակ ինչ-որ ամորֆ վիճակ է, ինչն ակնհայտորեն վնասում է երեխաներին…Մենք սովորաբար նման երեխաներին տանում էինք խնամքի հաստատություններ, գիշերօթիկ դպրոցներ, իսկ երբ լուծումը չկա եւ չկա ադեկվատ պահվածք, անհնարին վիճակ է: Կարծրատիպերից մեկն էլ դա է, որ դա այդպես էլ պետք է լինի: Երբ խնդիրը դիտարկում ենք պետության իրավունքի եւ ծնողի իրավունքի դաշտում, բարդ իրավիճակների ենք հանդիպում` երեխաներին մարմնավաճառության են մղում, մուրացկանության, ծնողը սեռական հարաբերություն է ունենում երեխայի ներկայությամբ տարբեր մարդկանց հետ, չնայած սրան, ծնողը շարունակում է իր իրավունքը պահել, ու նման դեպքերում ոչ մի մեխանիզմ չկա նրան սաստելու, սանձելու, կարգավորելու այդ հարաբերությունները: Որպես կանոն, նման ծնողներն այդ երեխաների խնամքը հանձնում են պետությանը, իրավունքը պահում են իրենց ձեռքում»,- փաստում է տիկին Անտոնյանը:

Նա օրինակ բերեց Սարի թաղում ապրող մի կնոջ, որն ունի 3 երեխա եւ ապրում է գողական օրենքներով. «Հակասանիտարական վիճակում են ապրում, ծնողը տեղից չի վեր կենում ոչ թե այն պատճառով, որ հիվանդ է, այլ որովհետեւ 15 անգամ ազատազրկված կին է, որն ապրում է գողական օրենքներով, գտնում է, որ ինքը չպետք է աշխատի, որ իր երեխաներին պահի»:

Միրա Անտոնյանի փաստմամբ, նրա մեծ երեխան 13 տարեկան է եւ 105 կգ քաշ ունի, բուժման կարիք, սակայն ճակատագրի քմահաճույքին է. «Բայց այդ երեխային բուժելու տարբերակ չունենք: Բոլոր պատկան մարմինները փաստում են, որ երեխային պետք է փրկել ծնողից, բայց ոչ մի լծակ չունենք»:

ՀՕՖ-ի երեխաների կենտրոնի գործադիր տնօրենի խոսքերով, «լուսանցքում» հայտնված նման երեխաների վիճակը բավականին ծանր է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30