ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը խորհրդարանում մի խումբ պատգամավորների՝ Աղվան Վարդանյանի, Մարգարիտ Եսայանի, Մարինա Մարգարյանի, Ջեմմա Բաղդասարյանի համահեղինակությամբ ներկայացրեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Գործող օրենքով Հայաստան դեղ կարող են ներմուծել միայն մեծածախ ներկրողները: Պատգամավորներն առաջարկում են, որ բժշկական կազմակերպությունները նույնպես իրավունք ունենան իրենց ծառայությունների մատուցման համար դեղ ներմուծեն, ոչ թե ստիպված լինեն մեծածախ շուկայից այն գնել:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Հակոբյանին հարցրեց, թե ինչո՞ւ է կառավարությունը դեմ այս նախագծին եւ ինչո՞ւ իրենց ներկայացուցիչը չկա, որ նրանց էլ լսեն: Հակոբ Հակոբյանն էլ ի պատասխան հիշեցրեց, որ Մելքումյանը փոխխոսնակ է ու ինքը չի ապահովել կառավարության անդամի ներկայությունը դահլիճում:
Մելքումյանը նաեւ հարցրեց, թե դեղերի մեծածախ ներկրմամբ զբաղվող քանի՞ կազմակերպություն կա եւ եթե շուկան ազատականացնում են, դեղերի գները կիջնե՞ն, թե՞ տեղ կմնա հակամրցակցային համագործակցության:
Հակոբյանը պատասխանեց, որ 150 կազմակերպություն է զբաղվում մեծածախ ներկրմամբ, որոնցից 5-ը ապահովում են շուկայի 75 տոկոսի ներկրումը: Իսկ մնացած 145-ը ընդամենը 25 տոկոս է ապահովում. «Հիմա, ինչպես հայ ժողովուրդն ասում է՝ հացը տվեք հացթուխին, մենք ուզում ենք դեղի ներկրումը թույլ տալ հիվանդանոցներին»:
Մելքումյանը հարցրեց՝ «Դուք ի՞նչ եք առաջարկում, այսինքն, եթե մետալուրգիական գործարանը մետաղ է օգտագործում, մետա՞ղ ներկրի»:
Հակոբյանը հակադարձեց՝ «Դու ինչո՞ւ ես ներկրող բերում մտցնում, որ ավել փող վճարես»:
Հակոբ Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօրվանից վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել եւ աշխատանքային խումբ են ստեղծել, որը պետք է դեղերի բարձր գների հարցը քննարկի: Նա Նշեց, որ անընդհատ հարցադրումներ են անում, թե Վրաստանում դեղն էժան է, մեզ մոտ՝ թանկ, բայց չեն ուզում հասկանալ՝ ինչու է այդպես, մեր օրենսդրությունն է տարբեր, ստիպում է, որ ՀՀ-ում դեղերի գինը տարեցտարի բարձրանա, ոչ թե իջնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ