ԿԲ նախկին վարչապետ Բագրատ Ասատրյանը չի շտապում վատ գնահատականներ տալ արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած տարիների մասին:
«Գնացողի հետեւից շատ վատ բան ասել չի կարելի, նա արդեն գնացել է»,- այսօր «Հոդված 3» ակումբում ասաց Բագրատ Ասատրյանը:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը, իբրեւ գնացող կերպար, բախտ չունեցող մարդ էր. «Այս իշխանությունն էլ է այդպես ասում, երբ մատնանշում ես արտաքին պարտքի, տնտեսական աճի ցուցանիշները»:
Անդրադառնալով աղքատության, արտագաղթի ու տնտեսության ցուցանիշներին՝ պարոն Ասատրյանը շարունակեց. «Տնտեսության մեջ որեւէ գլոբալ երեւույթ չի կարելի միանշանակ լավ կամ վատ գնահատել, լավի հետ վատը կա, վատի հետ՝ լավը: Ես կարող եմ գնահատել՝ ինչ կար ու ինչին եկանք…այս տարիների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, աղքատության մակարդակի աճ է գրանցվել, խնդիրներն այս ընթացքում խորացան ու կարելի է շարքը շարունակել: Իմ ձեռքի տակ է Սերժ Սարգսյանի 2008 թվականի ծրագիրը, խոստումները, որոնք արդեն 2012-ին պետք է իրականություն դառնային, բայց, ցավոք, շատ ցուցանիշներ մինչ օրս կատարված չեն, արտահանման ծավալներ, ՀՆԱ-ի ցուցանիշ եւ այլն»:
ԿԲ նախկին ղեկավարը, բացի բացասականից, նաեւ դրական տեղաշարժեր է արձանագրել Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, դրանցից առանձնացրեց երկուսը. «Այս քաղաքական տեղաշարժերի պարագայում մարդկանց խումբը, իշխանություն անվանելը մի քիչ շատ կլինի, այդ մարդկանց խումբը կփորձի գուցե մտածել՝ ինչ անել մի քիչ ավելի լավ ապագա ունենալու համար, թե չէ այս ճանապարհը, որով գնում են, տանում է քայքայման: Երկրորդ ձեռքբերումը համարում եմ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Չենք խոսելու ԵԱՏՄ գնալու մասին, հասկանում ենք, որ դա քաղաքական հանգամանքներով պայմանավորված վճիռ էր, իսկ ՀՀ-ԵՄ համաձայնագրից ակնկալում եմ որոշակի զարգացումներ, օրինակ՝ պաշտպանություն այն բացասական ազդակներից, որոնք գալիս են Հյուսիսից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ