Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք նոր հանձնաժողով են ստեղծելու՝ ստուգելու, թե ինչքան վարկ են թալանել ու գողացել

Ապրիլ 11,2018 14:11

Խորհրդարանում քննարկվեց կարաոկեների, ստրիպտիզ ակումբների, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, դիսկոտեկների գործունեությունը սահմանափակելու հարցը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ եթե հիմա օրենքով արգելեն բազմաբնակարան շենքերում, կամ կրթական, մշակութային շենքերի տարածքներում նման օբյեկտների տեղակայումը, կարող են տնտեսվարողները անունը դնել իջեւանատուն եւ ներսում նորից սաունա, բաղնիք, բոլոր այդ ծառայությունները մատուցեն:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց, որ եթե իրենք ունեն առաջարկ, թե ինչպես կարող են ձեւակերպել օրենքում, որ բաց չմնա, կարող են անել, ռացիոնալ հատիկ լինելու դեպքում կընդունեն, բայց տուրիզմին էլ չեն ուզում վնասել:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ իջեւանատունը, որը բացված է, ասենք, ամսական 100 հազար եկամուտ է բերում, եթե տնտեսվարողին ասում ես, որ հանիր օբյեկտդ, տար այլ տեղ, անձի սեփականության իրավունքն են խոչընդոտելու, նրա բիզնեսի գինն ընկնելու է եւ պետությունը չի էլ պատրաստվում փոխհատուցել. «Մենք չենք կարող սեփականության իրավունքը ոչնչացնել, չպե՞տք է արդյոք համարժեք փոխհատուցում տրամադրվի դրա համար»:

Փոխնախարարը պատասխանեց, որ իջեւանատունը չի մտնում օրենքով սահմանափակվող գործունեության տեսակների հետ: Իսկ սաունա, հեստապարային ակումբ եւ թվարկված մյուս գործունեության տեսակները պարտավոր են մեկ տարվա ընթացքում փոխել օբյեկտի տեղը: Իհարկե, սահմանափակում են սեփականության իրավունքը, բայց՝ օրենքի ուժով եւ պարտավոր են ենթարկվել այդ կանոններին:

Կառավարությունը ԱԺ քննարկմանը ներկայացրեց նաեւ նոր վարկային համաձայնագիր՝ ոռոգման ջրի համակարգը բարելավելու համար:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Եթե մենք հաշվենք, թե գյուղացիական հողերի ոռոգման անվան տակ վերջին տարիներին ՀՀ ԱԺ-ն ինչքան վարկային համաձայնագիր է վավերացրել, կարծում եմ, մեր ոռոգման համակարգը պիտի ներառվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ վարկ կերած ու ամենաանարդյունավետ վարկ ծախսած համակարգ: Հարցնում ես, ասում ես՝ բա ի՞նչ եք անելու, ասում է՝ լավ նպատակների համար ենք բերում: Հարգարժան կառավարության ներկայացուցիչ, մեր տառապանքը փորձ ունի: Մենք բազմաթիվ անգամներ այս խորհրդարանում տեսել ենք, թե ինչպես լավ նպատակների անվան տակ փոշիացրել են հսկայական գումարներ, թե ինչպես լավ նպատակների անվան տակ Հազարամյակների մարտահրավերներ ծրագրով 16 մլն դոլար ծախսվեց՝ ինչպես տնկել կարտոֆիլը թեմայով գյուղացիական տնտեսությունների համար լոլոներ կարդալու համար: Տեսել ենք, թե ինչպես լավ նպատակների անվան տակ հսկայական վարկային միջոցներ ուղղակի թալանվել, գողացվել են…Հիմա ասում եք վա՞տ բան ենք անում՝ կաթիլային ոռոգման համակարգ ենք ներդնում: Լավ բան եք անում, բա նախորդ արածների ու չարածների համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ չէ»:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ առաջիկայում «Ծառուկյան» խմբակցությունը կօգտվի նոր Սահմանադրության ընձեռած հնարավորությունից եւ կստուգի քննիչ հանձնաժողովով, թե լավ նպատակների անվան տակ ինչքան վարկեր են բերել, ծախսել, ինչքանն է եղել արդյունավետ եւ ինչքանն է թալանվել, գողացվել ու մսխվել:

Հիշեցնենք, որ նախկինում վարկերի արդյունավետության հետ կապված ստուգումներ էր անում «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը, որը Վերահսկիչ պալատի նախագահ էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30