Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեցցե ազատության ջահը, որ վառվել է քիչ առաջ ՀՀ ԱԺ ամբիոնից». Նիկոլ Փաշինյանը հորդորեց մասնակցել ՀՀԿ գրասենյակի մոտ անցկացվելիք պիկետին

Ապրիլ 11,2018 13:53

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերից ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց Երևանում գտնվող իրենց աջակիցների մասնակցել այսօր 19.30-ին Երևանի մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարանի մերձակայքից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մոտից դեպի ՀՀԿ գրասենյակ իրականացվող քայլարշավին և ՀՀԿ գրասենյակի մոտ տեղի ունենալիք պիկետին: Պարոն Փաշինյանը, ըստ երևույթին տեղյակ չլինելով, որ ՀՀԿ-ն ԳՄ նիստի ժամը փոխել է՝ 18.30-ին, հայտարարեց. «Երեկոյան 20.00-ին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունենալու նիստ, որում մեր տեղեկություններով՝ նախնական քննարկում է տեղի ունենալու վարչապետի թեկնածուի վերաբերյալ, թեև պարզ է, որ Սերժ Սարգսյանն է թեկնածուն: «Մերժիր Սերժին», «Իմ քայլը» նախաձեռնությունները «Քաղաքացիական պայմանագրի» հետ նախաձեռնել են քայլարշավ: Դրան միանալու համար պետք է 19.20-ին լինել մետրոյի Զորավար Անդրանիկ կայարանի մերձակայքում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու տարածքում, որտեղից էլ քայլարշավի մասնակիցները շարժվելու են դեպի ՀՀԿ գրասենյակ»:

Նշենք, որ դրանից առաջ ԵԼՔ-ի կողմնակիցները կատարեցին հարսանեկան արարողություն: Նրանք քայլարշավի մասնակիցներին դիմավորեցին մի մեքենայով, որի վրա փակցված էին սահմանին ունեցած զոհերի և արտաքին պարտքի մասին ցուցանակներ, այնուհետև դիմավորեցին չեբուրաշկայով, իսկ վերջում Սերժ Սարգսյանի լուսանկարը փուչիկներով բաց թողեցին երկինք:

Անդրադառնալով ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի նախաձեռնությանը՝ պարոն Փաշինյանն ասաց՝ նրանք ՀՀ ԱԺ ամբիոնից վառեցին ազատության խորհրդանշանակ ջահը: Ըստ նրա ՝ այս նախաձեռնությամբ իրենք ի ցույց են դնում իրենց վճռականությունը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարում: Պարոն Փաշինյանը ամփոփեց. «Կեցցե ազատության ջահը, որ վառվել է քիչ առաջ ՀՀ ԱԺ ամբիոնից»:

Իսկ մոտ մեկ ժամ առաջ Հրազդանում Նիկոլ Փաշինյանը տնկեց «երջանիկ Հայաստանի» ծառը: Նրա տեղեկացմամբ՝ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները գիշերն անցկացրել են Հրազդանում՝ Սասուն Միքայելյանի շտաբի բակում: Նաև նշեց, որ Հրազդանից շարժում են դեպի Երևան՝ Ազատության հրապարակ, ուր հասնելու են ապրիլի 13-ին՝ ժամը 18.30-ին, իսկ ապրիլի 13-ին, ժամը 13:00-ին լինելու են Երևանի հյուսիսային ավտոկայանի դիմաց, որտեղ և կան քաղաքացիներ, որոնք ցանկություն ունեն գալ ու դիմավորել Երևանի մուտքի մոտ, որոնց բոլորին հաճույքով սպասում են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30