Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության զարգացման տասնամյակը. Հայաստանից հոլանդական վարդերն անգամ Հոլանդիա են արտահանվում. ՖԻԼՄ. «Արմենպրես»

Ապրիլ 11,2018 13:23

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Էմիրություններից՝ ԱՄՆ, Իրանից՝ Եվրոպա 2017թ-ին Հայաստանից արտահանվել է 308 մլրդ դրամի գյուղատնտեսական ծագման ապրանք: 10 տարում տասից ավելի անգամ մեծացել է այգիներից, սառնարաններից ու ջերմոցներից երկրից դուրս վաճառքի ուղարկվող բեռների ծավալը: Հիմնական շուկան Ռուսաստանն է, որտեղ խոշոր արտահանողները ծիրան ու լոլիկ, փոքրերը՝ կեռաս ու խաղող են արտահանում: Պատրաստի արտադրանքի վաճառքը հեշտացրած վերամշակողները նախորդ տարի մթերել են 44.5 հազար տոննա բանջարեղեն, 25 հազար տոննա պտուղ 10 920 տոննա  խաղող: Այդ հումքից արտադրվել է նախորդ տարվա ցուցանիշը գերազանցող 603 մլրդ դրամի տոմատ, հյութ, աղցան, թթուներ, գինի, կոնյակ: Եթե անկախության առաջին տարիներին երկրում պահածոյացնող 7, կոնյակ-գինեգործական՝ 12 և մի քանի կաթ-մսամթերքի արտադրություն էր աշխատում, սույն վերամշակող ճյուղում հիմա մեծ ու փոքր մոտ 1500 ձեռնարկություն կա: Ավելին, կան ընկերություններ, որոնք հատուկ պատվերով քաղցրացրած օրգանիկ տեսականի են մատակարարում արտասահմանյան լյուքս դասի հյուրանոցներին:

Գյուղատնտեսության ավանդական ճյուղին բիզնեսն ու նորագույն տեխնոլոգիաները մեր օրերում նոր շունչ են տվել։ Հայաստանը բռնել է դեպի շատ ավելի արդյունավետ ինդուստրիալ գյուղատնտեսության անցնելու ուղի։ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ տարեկան սպառում է 330 կգ միրգ-բանջարեղեն։ Գյուղատնտեսությունը երկրում ամեն երրորդ բնակչի եկամտի աղբյուրն է, իսկ ագրարային ոլորտում աշխատում է ընդհանուր զբաղվածների 33.6%-ը՝ 338 հազար մարդ։

Մասնագետների պնդմամբ՝ Հայաստանում 1000 ք.մ. մակերեսով հատապտղային ջերմոցը նույնքան եկամուտ է ապահովում այգետիրոջը, որքան, օրինակ՝ 4-6 հա խաղողի դաշտը։ Վառ օրինակներից մեկն Արթիկում է, որտեղ տնկվել են շուրջ 700 գրամ բերք տվող ելակի թփեր: «Green Food» ընկերության ագրոնոմ Տաթևիկ Բաղդասարյանի խոսքով՝ 3 հա ելակի ջերմոցից տարեկան ակնկալվում է 300 տոննա բերք։

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով էլ  Հայաստանում արդեն 55 հա ջերմոց է ստեղծված բարձր տեխնոլոգիաներով, ևս 50 հա կգործարկվի այս տարի. «1 հա ջերմոցից ստանում ենք առնվազն 450 տոննա տարեկան արտադրություն։ Եթե համեմատենք հին ջերմոցների հետ՝ հին ու նոր տեխնոլոգիաների միջև տարբերությունը մոտ 4 անգամ է»։

Առատ, որակյալ, տեղափոխմանն էլ լավ դիմացող բերք տվող բարձր տեխնոլոգիական ջերմոցներին անցումը ՀՀ գյուղատնտեսության վերջին տասնամյակի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է։ Առաջին քայլն այս ուղղությամբ երկիրը կատարել է 2012թ-ին։ Հայաստանում այժմ նման ոչ գրունտային 112 հա ջերմատուն է շահագործվում։ Լոլիկից ու վարունգից բացի ջերմատներում այժմ սմբուկ ու բողկ են աճեցնում, նաև ծաղիկներ։ Հայաստանից հոլանդական վարդերն անգամ Հոլանդիա են արտահանվում, շամպինիոնը՝ Արաբական Էմիրություններ, ելակն ու լոլիկը՝ ռուսական շուկա։

Տարիների համառ աշխատանքների արդյունքում այսօր քչերն են հիշում, որ ընդամենը մի քանի տարի առաջ գյուղմթերքն իրացնելն ավելի դժվար էր, քան աճեցնելը։

2009թ. աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերամշակողներին սթափեցրեց. «Վե՛րջ տվեք պարտքերին, անցե՛ք պայմանագրերի, որ գյուղացին իմանա՝ ինչ գնի համար ինչ է աճեցնում»։ Այս հայտարարությունից հետո աստիճանաբար շատ բան փոխվեց։ Պահածոյի ենթակա բերքը հիմա, անկախ քանակից, մթերվում է։ Վճարումը չուշացնելու համար վերամշակողին պետությունն օգնում է մինչև 1 միլիարդ դրամ մատչելի վարկի առաջարկով։ Երբ հողագործը համոզվեց, որ վաճառելը հեշտանում է, բանջարանոցներում ավելացան նորույթները։

Ավելացող դաշտերին ջուր հասցնելու նպատակով 2007-2017թթ-ին խոշոր գումարներ ուղղվեցին ոռոգման ցանցին՝ նորոգման, մայր ջրագծերից մինչև պոմպակայանների կառուցման համար։ Հիմնանորոգվեց նաև 1974թ-ին կառուցումից անմիջապես հետո վթարային դարձած Մարմարիկի ջրամբարի պատվարը։ Ոռոգման համար 24 մլն խ.մ-ից ավելի ջուր կուտակող արհեստական ավազանը շահագործվեց 2012թ-ին։ Մարմարիկը դարձավ անկախ Հայաստանում շահագործված առաջին նոր ջրամբարը։ Վեդին կլինի հիմքից կառուցվող առաջին ջրամբարը, որն ավելի տարողունակ է։ Այգիները գունավորող «Եզան աչք» կեռասի, Շալախ ծիրանի ու Դեմիրճյան խնձորի կողքին անհատ հողատերերն սկսել են ինտենսիվ դաշտերի հիմնումը. ինդուստրիալ գյուղատնտեսության մեկնարկը տրված է։ Բարձր տեխնոլոգիական ջերմոցներից հետո ՀՀ ագրարային ճյուղում սա հաջորդ կարևոր ձեռքբերումն է։

Այս այգիներում հատուկ արմատակալ ինտենսիվ ծառից բացի պարտադիր պայման է եղանակի վնասը կրճատող վերևից՝ հակակարկտային ցանցը, ներքևում՝ կաթիլային համակարգը։ Ոռոգման ծախսն այն տնտեսում է 50-70%-ով։

Նախորդ տասնամյակում տնտեսության մյուս ճյուղերի զարգացման հաշվին գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում թեպետ նվազել, սակայն դրամային արտահայտությամբ 60%-ով աճել է։ Երկրի ընդհանուր ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսական արտադրանքի բաժինը 2017թ-ին կազմել է ավելի քան 22%։

Տարբեր ծրագրերով գյուղական գոմեր են մտել ցեղական սորտեր. կաթնատվությունը երկրում ավելացել է 12%-ով, գլխաքանակը 10 տարում մոտ 36 հազարով։ Խոշոր եղջերավորների՝ Իրաք արտահանումն ու մսի թանկացումը ցույց տվեց՝ անասուն պահելը խիստ ձեռնտու է դարձել։

Զուգահեռ, վերելքի վրա է ձկնաբուծությունը։ Սևանում ցանցային ավազաններ են հիմնվել, բնության մեջ իշխան է աճեցվում։

Արարատյան դաշտում սկսվել է ընդերքի քաղցրահամ աղբյուրները խնայող, ջուրը շրջանառող համակարգի ներդրումը։ Տեխնիկական վերազինման հետ ձկնաբուծարանները 2017թ-ին երկրից դուրս վաճառքի են ուղարկել 3000 տոննայից ավել թառափ ու իշխան։

Հավի մսի դեպքում թռչնաբուծարանների խնդիրն առայժմ ներքին սպառողին բավարարելն  է և ԵԱՏՄ կարգավորումներով շուկայից դուրս մղվող արտասահմանյան արտադրանքի տեղը տեղական ապրանքով լրացնելը։ Դեպի Իրաք, Քուվեյթ, Օման, Իրան ու Լիբանան արտահանումներով զարգացման սահուն փուլ է մտել ոչխարաբուծությունը։ Մորթը միջազգային չափանիշներով իրականացնելու համար երկրում 18 սպանդանոց է բացվել, 21-ի շինարարությունը կավարտվի մինչև 2018թ. վերջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30