Վանաձորում գործող «Դարբբագս» կարի ֆաբրիկան արտադրական ծավալներն ընդլայնելու նպատակով շինարարական աշխատանքներ է սկսել: Այստեղ ներդրողը վերականգնում է արտադրամասի հարակից կիսակառույց շինությունը, որտեղ էլ իր գործունեությունը կծավալի արտադրամասը: Արդյունքում կստեղծվի 1000 նոր աշխատատեղ:
Իսկ մինչ այդ, իրականացվող շինաշխատանքներին խոչընդոտ են հանդիսացել տարածքում գտնվող մոտ կեսդարյա պատմություն ունեցող 7 բարդիները: Ընկերության տնօրեն Բագրատ Դարբինյանը դիմել է քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որպեսզի ստանա նշված ծառերը հատելու թույլտվություն. «Քաղաքապետը մի ամիս է` պայքարում էր բնապահպանների ու մյուսների հետ, որպեսզի թույլ տան: Տրանսպորտային ճանապարհ է պետք, կոմունիկացիա է պետք, որպեսզի արտադրությունը աշխատի»:
Բեռնատար մեքենաների մուտքին խոչընդոտ հանդիսացող ծառերի հարցը քննարկվել է նաեւ բնապահպանության եւ ընդերքի տեսչությունում: Ի վերջո` թույլտվությունը ստացվել է. «Տնօրենը դիմել էր մեզ, որպեսզի թույլտվություն ստանա, որպեսզի ծառերը հատեն, քանի որ բեռնատարների մուտք ու ելքի համար ճանապարհ չի եղել: Մենք էլ իր դիմումը վերահասցեագրել ենք բնապահպանության եւ ընդերքի տեսչությանը: Իրենք թույլտվություն են տվել, որ չեն առարկում ծառերի հատմանը: Բարեկարգման պլանն էլ մենք հավանության ենք արժանացրել եւ շուտով կսկսի նոր ծառերի տնկումը եւ կանաչ գոտու ստեղծումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը:
Քաղաքապետի խոսքով ընկերությունը պարտավորվել է, որ մոտ 1000 քառ. մ տարածքում տնկել նոր ծառեր:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Կորյուն Շեկոյանի ֆեյսբուքյան էջի