Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ «Ելքի» պատգամավորներ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանն ԱԺ նիստերի դահլիճում ակցիա արեցին եւ ԱԺ ամբիոնի մոտ գունային ծխարձակիչներ վառեցին՝ ծխի մեջ կորցնելով ԱԺ նիստերի դահլիճը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որն այդ պահին նիստերի դահլիճում չէր, եկավ ու միջամտեց: Նա ասաց, որ խորհրդարանում քննարկում են այն օբյեկտների գործունեության հարցը, որոնք խանգարում են հանրության անդորրը, բայց հիմա ականատես են լինում մի երեւույթի, որը նախեւառաջ հրդեհի վտանգի է ենթարկում ԱԺ շենքը, երկրորդը՝ թունավոր նյութեր շնչելու պարտադրանք է առաջացնում այն պատգամավորներին, որոնք հիմա աշխատում են նիստերի դահլիճում. «Ես հիմա հանդես եմ գալիս ոչ թե ԱԺ նախագահ, այլ՝ նախեւառաջ որպես քաղաքացի եւ բժիշկ, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական ինչ-որ նպատակներից ելնելով՝ պատգամավորներին եւ քաղաքացիներին դնեն այնպիսի պայմանների մեջ, որը վտանգում է նրանց առողջությունն ու կյանքը: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե այստեղ լիներ հրդեհ, 700 աշխատակիցներ կան, նրանց կյանքը վտանգված կլիներ: Ես համարում եմ այդ արարքն անընդունելի»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքն իրենց հնարավորություն է տալիս համապատասխան քայլերի դիմել. «Սա մսուր-մանկապարտեզ չի, ԱԺ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ