Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզիչների ընտրությունը կատարվել է «փորձված թանի եւ անփորձ մածունի» սկզբունքով. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 11,2018 12:34

Հնգամյա ընդմիջումից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերստին գլխավորեց Վարդան Մինասյանը, որի անվանն է առնչվում մեր թիմի պատմության ամենավառ շրջանը: Նրա թեկնածությունը միաձայն հաստատվեց ՀՖՖ գործկոմի երեկվա նիստում, որի մասնակիցները կողմ արտահայտվեցին նաեւ երիտասարդական հավաքականի ղեկը Արմեն Գյուլբուդաղյանցին վստահելուն: Երկու դեպքում էլ հանրապետական ֆեդերացիան ժամանակային հետդարձ կատարեց:

Այս որոշումը վերջ դրեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Արթուր Պետրոսյանի հեռանալուց հետո մամուլում եւ երկրպագուների շրջանում ծավալված ենթադրություններին: Փաստորեն, ընտրությունը կատարվել է «փորձված թանի եւ անփորձ մածունի» սկզբունքով:

Ասել է թե՝ ֆեդերացիայի ղեկավարությունը, իսկ նշված մարզիչների թեկնածությունն առաջարկել է կազմակերպության նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ստեղծված իրավիճակում որոշել է զերծ մնալ կասկածելի հետեւանքներով փորձարկումներից եւ նախապատվությունը տալ այդ ասպարեզում իրենց արդեն դրսեւորած կադրերին:

Քննարկելի լինելով հանդերձ, դա, գուցե, արդարացված մոտեցում է, քանի որ առաջիկա պաշտոնական մեկնարկին պատրաստվելու համար ազգային հավաքականի տրամադրության տակ կա 5 ամիս: Դա սեղմ ժամկետ է, հաշվի առնելով, որ այդ ընթացքում թիմը լավագույն դեպքում 3-4 անգամ է կարողանալու միասին հավաքվել:

Բոլորովին այլ իրավիճակ է երիտասարդական (մինչեւ 21 տարեկանների) հավաքականի պարագայում, որն արդեն իսկ մասնակցում է տարիքային այդ խմբի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Մեր թիմին միայն երեք խաղ է մնում ընտրական խմբում ելույթներն ավարտելու համար, իսկ հեռանկարն ամենեւին էլ հուսադրող չէ: Հայաստանի հավաքականը 7 խաղում վաստակած նույնքան միավորով 6 թիմերի հաշվարկում ընթանում է 4-րդ տեղում:

Սակայն խմբի առաջատարներից բաժանող միավորների տարբերությունն այնքան մեծ է, որ մրցաշարային պատկերն արմատապես փոխելու հնարավորություն պարզապես չկա: Դա որոշակիորեն անընկալելի է դարձնում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակումը: Առնվազն այս ընտրափուլի կտրվածքով: Ստացվում է, որ նրա աշխատանքը միտված է լինելու ապագային, իսկ, թե ի՞նչ եւ ինչպե՞ս կլինի մինչեւ հաջորդ պաշտոնական մեկնարկը՝ գուշակել, իհարկե, անհնարին է:

Ըստ այդմ, թե՛ կարգավիճակի, թե՛ մրցաշարային նպատակներից ելնելով՝ նախօրեի ընտրությունը որոշիչ է հատկապես ազգային հավաքականի համար: Այդ հանգամանքից ելնելով՝ ավելի մանրամասն անդրադառնանք Վարդան Մինասյանի վերադարձին: Սկսենք, թերեւս, ուշագրավ վիճակագրությունից: Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ կատարվել է գլխավոր մարզչի արդեն 21 նշանակում կամ ընտրություն (տվյալ դեպքում ստույգ ձեւակերպումն էապես կարեւոր չէ), սակայն թիմի ղեկը ստանձնել են 17 տարբեր մարդիկ:

Բանն այն է, որ Վարուժան Սուքիասյանը եւ Անդրանիկ Ադամյանը մարզչական կամրջակին եղել են 2-ական անգամ, իսկ ահա Վարդան Մինասյանն այն զբաղեցնելու է արդեն 3-րդ անգամ: Առաջին անգամ նա հավաքականը մարզել է 2007-08 թվականներին՝ լինելով, սակայն, ժամանակավոր պաշտոնակատար: Այդ ժամանակ նա դարձել էր հավաքականը գլխավորած 12-րդ անհատը:

Բայց դա առանձին պատմություն է. մինչ այդ Մինասյանն ու անգլիացի Թոմ Ջոնսը շոտլանդացի երջանկահիշատակ մասնագետ Յան Պորտերֆիլդի օգնականներն էին ազգային հավաքականում: Բրիտանացին, որի անունը մինչ օրս էլ ջերմ հուշեր է արթնացնում հայ ֆուտբոլասերների հոգում, ծանր հիվանդությունից վախճանվեց 2007 թվականին: Հավաքականի ղեկն անցավ Մինասյան-Ջոնս տանդեմին, սակայն տարեվերջին անգլիացին հեռացավ մեր երկրից:

Իսկ «Փյունիկի» նախկին ավագը շարունակեց աշխատել մինչեւ դանիացի Յան Պոուլսենի նշանակումը: Փաստորեն, Մինասյանի առաջին փորձը տեւեց 110 օր, որի ընթացքում անցկացրած 6 խաղում մեր հավաքականն ունեցավ 1-ական հաղթանակ եւ ոչ-ոքի ու 4 պարտություն՝ խփած եւ բաց թողած գոլերի 2-8 հարաբերակցությամբ:

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30