Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ սահմանափակել ստրիպտիզ ակումբների, կարաոկեների, բաղնիք-շոգեբաղնիքների, սաունաների, դիսկոտեկների գործունեությունը՝ արգելելով այդ օբյեկտների տեղակայումը կրթական, մշակութային հաստատությունների մոտ, բնակելի շենքերի տարածքում:
«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ եթե արդեն դպրոցի մոտ ստրիպտիզ ակումբ կա, չի տեղափոխում, տուգանքն է վճարում, ի՞նչ պետք է անեն, արդեն գործող օբյեկտների վրա ինչպե՞ս են կիրառելու:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ մեկ տարի ժամանակ են տալու, որ գործող օբյեկտները տեղափոխվեն եւ ենթարկվեն սահմանված կանոններին: Ինչ վերաբերում է նրան, որ օբյեկտը նախընտրի տուգանքը տալ ու շարունակել գործել՝ փոխնախարարը սա բացառեց՝ ասելով, որ տուգանքների չափը շատ բարձր է ու ավագանին կարող է ամսվա մեջ 12 անգամ տուգանել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով հեստապարային՝ ստրիպտիզ ակումբներին, ասաց. «Հիշո՞ւմ եք, որ 2000-ականներին ինչ-որ պարտադրանքով ուզեցին հեստապարը բերել: Հիմա ես հասկանում եմ, որ հիվանդ մարդիկ ուզում են տեսնել ոնց են ուրիշները մերկանում, բայց չի՞ կարելի, ասենք, Հայաստանում առայժմ գոնե դրանից ձեռնպահ մնալ: Հեստապարն ինչի՞ համար է պետք մեր իրականությանը»:
Նա ասաց, որ եթե այդ օբյեկտի համար սահմանափակումներ են մտցնում, արդեն իսկ սա հուշում է, որ պարունակում է ռիսկեր, որոնք մեր բարոյական կերպարի հետ «չեն բռնում». «Մասնավորապես, դուք ասում եք՝ հանրային կյանքի կանոնակարգման նպատակ եք հետապնդում, դե արեք սա հանենք, շպրտենք մի կողմ: Հասկանո՞ւմ եք, հիվանդ մարդիկ, որ ուզում են տեսնեն ուրիշներին մերկացած, պետությունը պետք է դրա մասին մտածի ու մեկ էլ օրե՞նք ստեղծի, դուք պատկերացրեցի՞ք ես ինչ եմ ասում: Հեստապարը հանենք շպրտենք մի կողմ, կամ էլ ովքեր անտանելի հիվանդ են, հսկայական գումար մուծեն դրա համար, որ մեր բյուջեն էլ լցվի»:
Փոխնախարարը պատասխանեց, որ շենքերում տեղակայման արգելքներ արդեն սահմանված են ու եթե պատգամավորն ուզում է առաջարկել նաեւ այլ տեղեր, որտեղ սահմանափակվի ստրիպտիզ ակումբի գործունեությունը, կարող է հրավիրել իրենց ուշադրությունը, բայց հեստապարային օբյեկտների գործունեությունը արգելելու մասին նա չխոսեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ