Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վալերի Միրզոյան. Իսկ կարո՞ղ ենք ասել, թե մեր հանրության մեջ իսկապես կա կրթվածության հանրային պահանջարկ. «Հրապարակ»

Ապրիլ 11,2018 11:54

Բուհական համակարգի ճգնաժամը, իհարկե, ուղղակի արտացոլումն է ամբողջ հանրությանը պատած ախտածին երեւույթների: Հանրային կյանքի ներկայիս ապաշնորհ կազմակերպումը պարզապես այստեղ ավելի ցայտուն է: Ակադեմիական ազատությունների փոխարեն՝ խստիվ աստիճանակարգված կառուցվածք, որտեղ դասախոսները ստորին մակարդակ ճորտացված: Մատյանում ներկա-բացակա անելն ավելի է կարեւորվում, քան դասախոսության որակը: Գերադասություն-ստորադասություն կոշտ փոխհարաբերությունների պարագայում գործում է իշխանական «Թե տերը ես եմ, բակլան խաշած եմ ցանում» սկզբունքը: Դե, եկ ու բացատրիր քո ռեկտորին, որ «հռետորական արվեստ» առարկայի միջանկյալ քննությունները չի կարելի անցկացնել… գրավոր: Զուր ջանքեր, ինքը բուրգի վերեւում է եւ մտքով իսկ չի անցնում, թե կարող է սխալ բան որոշել:

Ինչպես այլ ասպարեզներում, բուհական համակարգում էլ է գործում պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցությունը: Իսկ կարո՞ղ ենք ասել, թե մեր հանրության մեջ իսկապես կա կրթվածության հանրային պահանջարկ: Ի՞նչ արժեքներ է այսօր մատուցում նորահաս երիտասարդությանը հայաստանյան իշխող վերնախավը՝ իր տնօրինած կրթական, տեղեկատվական, կազմակերպական, մշակութային լծակներով. իշխանատենչություն, ագահություն, հարմարվողականություն, ստրկամտություն, կույր հնազանդություն, կուսակցական բոսերի փառաբանում, կեղծավորություն, ցինիզմ, անարժան մերձավորների բարգավաճում, խոսքի ազատության սահմանափակումներ… Կրթությունը եւ կրթված մարդը հանրային արժեքների սանդղակի ստորին աստիճանում են:

Բուհի խնդիրները մասամբ ածանցյալ են հանրակրթության խնդիրներից. հակիրճ՝ տասնամյա ուսուցումից աճապարանոք տասներկուամյակին անցումը հանգեցրել է այն վիճակին, որ թեպետ համալսարան են գալիս տարիքով ավելի մեծ եւ կենսական առումով ավելի հասուն, սակայն ակնհայտորեն ավելի «հոգնած», կրթվելու թուլացած մոտիվացիայով դիմորդներ:

Բուհի հիմնական աշխատանքը կատարվում է ոչ թե ռեկտոր-պրոռեկտոր-դեկան-փոխդեկան պաշտոնյաների ծխահարված աշխատասենյակներում (այս չինովնիկներն այդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե դասախոսների «վերադասն» են, «վերահսկիչը», այլ կոչված են սպասարկելու նրանց բնականոն աշխատանքը), այլ լսարանում՝ դասախոս-ուսանող համատեղ մտավոր գործունեության ձեւով: Ի՞նչ է այսօր կատարվում լսարանում: Երկու կողմերի՝ դասախոսների եւ ուսանողների միջեւ ուսուցանելու եւ ուսանելու փոխհարաբերությունն աստիճանաբար վերափոխվել է լռելյայն գործող մի պայմանավորվածության: Դասախոսները բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունը, սակայն հրաշալի գիտեն, որ մյուս կողմը բնավ տրամադրված չէ մտավոր ջանք գործադրելու: Ուսանողները գիտեն, որ քանի որ վճարել են, այլեւս խնդիր չկա ուղեղը լարելու: Սա երկկողմանի նմանակեղծում է՝ սիմուլյացիա: Ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժան Բոդրիարի եզրաբանությամբ եթե խոսենք՝ տեղի է ունենում նմանակեղծումների («սիմուլյակրների») փոխանակում: Իհարկե, սա ցավալի է հատկապես փորձառու դասախոսների համար, որոնք հիշում են ուսանողական այլ լսարաններ (եւ, միգուցե, միամտաբար հույս են փայփայում դարձի): Այս հարկադրական նմանակեղծումը դասախոսների մեծ մասը հոգեպես ծանր է տանում, բայց, դե, ապրուստի հարց է, համակերպվում են: Այս վիճակն անհետեւանք չի մնալու նաեւ ուսանողների համար, քանի որ կրթվածության մակարդակին չհամապատասխանող բարձրագույն կրթության վկայականն ուսանողներին կախման մեջ է գցելու ապագա գործատուներից:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30