Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական տասնամյակի ձեռքբերումները. Հայաստանի կրթական հաստատությունները միջազգային հետաքրքրության կենտրոնում են. ՖԻԼՄ

Ապրիլ 11,2018 11:30

Վերջին 10 տարիներին կրթությունը Հայաստանում դարձել է անհամեմատ ավելի մատչելի, ուսուցման ավանդական ձևերը փոխարինվել են և համապատասխանեցվել նորագույն պահանջներին: Իսկ նոր կրթական հաստատություններով՝ ի դեմս «Թումո»-ի, Հայաստանը հայտնվել է նաև միջազգային հետաքրքրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կրթական համակարգի բարեփոխումները վերջին տասնամյակում ընդգրկել են կրթական ողջ շղթան՝ նախակրթարաններից մինչև բարձրագույն կրթական հաստատություններ:

Դպրոցներում ավանդական մատյաններին և օրագրերին փոխարինել են dasaran.am-ը. 1400 դպրոց՝ մեկ միասնական կրթական ինտերնետային ցանցում: 2008-2018թթ-ին Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներն ապահովվեցին ինտերնետ կապով: Իսկ համակարգչային լաբորատորիաներն ու ակտիվ գրատախտակներն այլևս հեռավոր երազանք չեն:

2011թ-ի օգոստոսից իր աշխատանքները սկսեց ստեղծարար մտքի նոր հարթակը՝ «Թումո» կենտրոնը: «Թումո»-ն դարձավ հայկական տեխնոմտքի սիմվոլն ու ամենաիրական հասցեն: Երևանից հետո «Թումո» կենտրոններ բացեց նաև Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում` տարեկան 14 000 խելացի ու ճկուն մտքով երեխայի անվճար կրթություն տալով: Այն օրինակ դարձավ նաև միջազգային հանրության համար: 2017թ-ի ամենաինովացիոն քաղաք հռչակված Փարիզում մեկ տարի անց՝ 2018թ-ի սեպտեմբերին, հայկական օրինակով ֆրանսիական «Թումո» կբացվի:

2018թ-ի հունվարին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել էր, որ երբ Եվրահանձնաժողովի գիտական հետազոտությունների և ինովացիայի հանձնակատար Կառլոս Մոեդասին ոգևորված պատմել է, որ ինֆորմատիկայի լեզուների, տեղեկատվական տեխնոլոգիաների մի դպրոց են ստեղծելու, նա նկատել է, որ քաղաքապետը խոսում է հայկական «Թումո»-ի մասին: Ի պատասխան Իդալգոյի հայտարարության՝ Սարգսյանն ասել էր.

«Գիտեք, Հայաստանը, Երևանը Փարիզից շատ բան է սովորել և շատ բան է ընդօրինակել, թող մի բան էլ Փարիզը Երևանից ընդօրինակի»:

Սակայն «Թումո»-ն միակ կրթական հաստատությունը չէ, որ միջազգային հետաքրքրության կենտրոնում է հայտնվել: Նույն թվականին բարձրորակ կրթության ևս մեկ կենտրոն՝ «Այբ» դպրոցն է ստեղծվել Երևանում: Միջազգային պահանջներով հայկական կրթություն ապահովելուց բացի, «Այբ»-ը նաև սոցիալական ուղղվածություն ունի. անապահով, բայց տաղանդավոր աշակերտներին դպրոցում ոչ միայն անվճար կրթություն, այլև կրթաթոշակ են տալիս: «Այբ»-ը եզակի հնարավորություն է ավագ դպրոցի շրջանավարտի համար՝ նույն քննություններով հայկական կամ արտասահմանյան բուհ ընդունվելու բացառիկ հնարավորությամբ: «Արարատյան բակալավրիատ»-ի հավաստագրի վրա Քեմբրիջի համալսարանի տարբերանշանն է՝ որպես ծրագրի որակի երաշխավոր:

Երբ 2011թ-ին Հայաստանը միացավ միջազգային բակալավրիատի ծրագրի իրականացնող երկրներին, «Քվանտ» վարժարանը ստացավ կրթական քառաստիճան ծրագրերից ամենաբարձրը՝ «Դիպլոմա» ծրագրի իրավունքը: 2013թ-ին նույն իրավունքը ստացավ նաև «Անանիա Շիրակացի ճեմարան»-ը: 2014թ.-ին արդեն բացվեց Դիլիջանի միջազգային դպրոցը՝ դառնալով ցանկալի հասցե աշխարհի 82 երկրի երիտասարդների համար:

Դիլիջանի միջազգային դպրոցի բացման ժամանակ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ուրախ կլինի, եթե այնտեղ սովորեն նաև թուրք ու ադրբեջանցի ուսանողներ: Այդպես էլ եղավ: Դիլիջանի միջազգային դպրոցում սովորող ազգությամբ թուրք երիտասարդն այս կապակցությամբ նշել է. «Ես ազգությամբ թուրք եմ և այստեղ ընկերություն եմ անում տարբեր ազգերի երիտասարդների հետ: Դիլիջանի քոլեջն ապագայի լավ հնարավորություն է: Այստեղ միջավայրը շատ էկզոտիկ է»:

Իսկ 200 դոնորների միջոցներով կառուցված UWC Դիլիջան քոլեջն «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս է ու հայկական միասնականության ապացույցը: Բարերար Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ իրենք իրագործել են այս գաղափարը հենց այն պատճառով, որ հավատացել են և կարողացել են հավատացնել իրենց գործընկերներին:

Կրթական տասնամյակում մեծ թափ է ստացել նաև ապագայի ամենապահանջված ու գրեթե մարդուն փոխարինող տեխնիկայի զարգացումը: 2008թ.-ից ռոբոտաշինության զարգացման ծրագրով մինչև 2018 թվականը 5000 երեխայի համար 225 ռոբոտաշինության խմբակ է ստեղծվել: Ոսկե, արծաթե ու բրոնզե 134 մեդալ՝ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, երկրաչափություն առարկաներից:

Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2011-12 ուսումնական տարվանից հայկական բոլոր հանրակրթական դպրոցներում սկսեց դասավանդվել շախմատ առարկան: «Շախմատը դպրոցում» ծրագիրը 2012թ.-ի կրթության համաշխարհային ֆորումին ներկայացվեց որպես հայկական կրթական բրենդ: Աշխարհի 100 երկրի կրթության նախարարները զարմացած էին. ոչ մեկի մտքով չէր անցել շախմատ դասավանդել դպրոցում: «Շախմատիստ չդառնան էլ, արժանապատվորեն պարտվել ու ճիշտ հաղթել կսովորեն»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Միջազգային հետաքրքրություն առաջացրած ազգային բրենդին գումարվել է նաև կրթական մեկ այլ բրենդ՝ ազգային պար հանրակրթական դպրոցներում: Կրթական տասնամյակում մեկնարկել էր նաև չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությունը: Տարրական դասարանների աշակերտներին սկսեցին դասագրքերն անվճար տրամադրել: Մարզերում ու Երևանում 40 հազար երեխայի համար 390 նախակրթարան ստեղծվեց: 2010թ.-ից ներդրվեց «Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը»: Առողջ սննդից սկսեցին օգտվել որոշ մարզերի առաջինից չորրորդ դասարանցիները: 90 հազար երեխա պետական բյուջեի ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսավորմամբ դպրոցում անվճար սնունդ սկսեց ստանալ:

Աշխարհի լավագույն բուհերի տված գիտելիքների շտեմարաններին հաղորդակից լինելու համար լավագույն ուսանողները սկսեցին արտերկրում կրթություն ստանալ՝ առանց ֆինանսական որևէ բեռի: Այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց նաև «Լույս» հիմնադրամը: Սորբոնի համալսարանից մինչև Օքսֆորդ ու Քեմբրիջ. 2009թ.-ից մինչև այսօր 517 երիտասարդ է կրթություն ստացել աշխարհի 11 երկրի բուհերում: «Լույս» հիմնադրամը դարձավ հայ կամ ծագումով հայ 18-40 տարեկան շնորհալի երիտասարդների աջակից:

2008թ.-ին ստեղծվեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման» ազգային կենտրոնը: Այն սկսեց վերահսկել Հայաստանի բուհերի հավատարմագրման գործընթացը միջազգային չափանիշներով: Ամերիկյան ու Հայ-ռուսական համալսարանները միջազգային հավատարմագրում ստացան, Երևանում բացվեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը: Կրթության որակից բացի կարևորվեց նաև հնարավորությունը: 2013թ.-ին «Կրթության հասանելիության ծրագիր» մշակվեց «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաների համար: Սահմանվեց ուսման վարձի 50-100 տոկոս զեղչ: 2013թ.-ից մինչ օրս ծրագրից օգտվել է 10 000 ուսանող: Հայրենիքին ծառայած երիտասարդները նույնպես օգտվեցին արտոնությունից: Պետությունը 50 տոկոս ուսման վարձի զեղչ սահմանեց Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար: Հայաստանը 2015թ.-ին ստանձնեց Բոլոնիայի քարտուղարությունը և դարձավ առաջին երկիրը, որը չլինելով Եվրամիության անդամ, եվրոպական բարձրագույն կրթական տարածքը համակարգելու և նախարարական հաջորդ համաժողովը հյուրընկալելու պատվին արժանացավ:

Միջպետական համաձայնագրով 2008-2017թթ.-ին Հայաստանի 1625 քաղաքացի է սովորել արտերկրում, 35 երկրի 600 հայ ուսուցիչ էլ Հայաստան է եկել վերապատրաստման: 10 տարում հայաստանյան բուհեր ընդունված օտարերկրյա 6900 քաղաքացիներից 4000-ը սփյուռքահայեր են, որոնցից 600-ը անվճար է սովորել:

Խրախուսվել են նաև միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորողները։ 2012թ.-ից 50 տոկոսով ավելացել են անվճար տեղերը: Ոլորտի զարգացմանը նպաստել է ոչ միայն պետությունը, այլև միջազգային դոնոր կազմակերպությունները: Գերմանիայի աջակցությամբ Հայաստանը 2012թ.-ից անդամակցել է «Համաշխարհային հմտություններ» միջազգային կազմակերպությանը: Եվրամիության բյուջետային աջակցությամբ հիմնադրվել է 12 տարածաշրջանային պետական քոլեջ: Մի շարք մասնագիտությունների համար դուալ համակարգ է ներդրվել՝ կրթություն և աշխատանք մեկ տեղում:

2008թ.-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը աշխարհասփյուռ հայությանը կոչ արեց համախմբվել ու իրականացնել Մատենադարանի նոր շենքի կառուցման գաղափարը: 2011թ.-ին մեծ հանդիսավորությամբ հայկական երկու պետությունների նախագահների ներկայությամբ, հոգևոր երկու առաջնորդների օրհնությամբ տեղի ունեցավ նոր մասնաշենքի բացումը։ Մատենադարանի գլխավոր մասնաշենքից երեք անգամ մեծ նոր շենքում մատյանների նույնիսկ թվայնացված տարբերակները ստեղծվեցին: Դեռ 80-ականներին էին որոշել կառուցել այս շենքը, բայց նախագիծը թղթի վրա էր մնացել Սպիտակի երկրաշարժի պատճառով:

2008-2018թթ-ին ֆինանսավորվել են ավելի քան 50 գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ, որոնք ուղղվել են պաշտպանական խնդիրներին: 2011-2018թթ.-ին 96 հայտից ֆինանսավորվել է 42 ծրագիր: Գիտության մեջ երիտասարդ հետազոտողների ներկայությունը մեծացել է: 2008-2016 թթ.-ին գիտական կազմակերպությունների կողմից հրապարակվել է շուրջ 71 500 գիտական հոդված, որոնցից 8 299-ը հեղինակավոր Web of Science-ում, 8 530-ը՝ Scopus-ում:

2013-2018-ականները նաև 16 գիտական կազմակերպության գիտական նոր սարքերով համալրման տարիներ էին: Բարձր արդյունավետությամբ գիտաշխատողներին 162 մլն. դրամ հավելավճար է տրամադրվել: Գիտության պետական կոմիտեն ֆինանսավորել է հարյուրավոր գիտաժողովներ, գիտական գործուղումներ, երիտասարդ գիտնականների ամառային դպրոցներ: Հորիզոն-2020-ի անդամ մեր երկիրն օգնել է գիտնականներին իրենց լավագույն արդյունքը հեշտ ու կարճ ճանապարհով ներկայացնել կարևոր հարթակներում:

Գիտական տասնամյակում տպավորիչ է նաև միջազգային նոր պայմանավորվածությունների թիվը: Ստորագրվել է 43 պայմանագիր ու հուշագիր, նաև տարեկան շուրջ 100 միջազգային համագործակցության ծրագիր է իրականացվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30