ԱԺ աշխատակարգը հաստատելու մասին ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծն է քննարկվում ԱԺ-ում: Նախագծով ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորներ առաջարկում են, որ ԱԺ լսումներ հրավիրելու իրավունք ունենան ոչ միայն հանձնաժողովներն ու խմբակցությունները, նաեւ ԱԺ նախագահը:
Նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ԱԺ նախագահության անունից առաջարկ ներկայացրեց հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանին, որ նախագծում ավելացնեն նաեւ ԱԺ փոխնախագահներին, նրանք էլ իրավունք ունենան լսումներ հրավիրել:
ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանն առաջարկեց, որ ոչ թե որոշման մեջ փոփոխություն կատարեն, այլ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարեն: Բայց նա հորդորեց Արփինե Հովհաննիսյանին, որ ԱԺ նախագահություն եզրույթն օգտագործելիս զգույշ լինի, նման եզրույթ Սահմանադրությունը չունի:
ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը գտնում է, որ ԱԺ նախագահը կարող է հանձնարարել, որ լսումներ հրավիրեն հանձնաժողովները, որոնք ոլորտային են, մասնագիտական են. «Քաղաքական կողմը ֆրակցիան է, մասնագիտական կողմը հանձնաժողովներն են, իսկ ԱԺ նախագահը, նրա տեղակալները առանձին սուբյեկտներ են»:
Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանը, մոտենալով ամբիոնին՝ ժպտալով ասաց. «ԱԺ հարգելի նախագահություն, օգտագործում եմ այդ եզրույթը, ինչպես նաեւ այլ եզրույթներ, որոնք օրենքով նախատեսված չեն՝ խորհրդարանական մշակույթ, քաղաքական մշակույթ, քաղաքական հասունություն, բայց քաղաքական բառապաշարում տեղ ունեն: Եվ կշարունակե՛մ օգտագործել»:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի լիազորություններին, Հովհաննիսյանն ասաց, որ ԱԺ նախագահը ինքնուրույն, ինքնաբավ սուբյեկտ է եւ ինքը կարող է լսումներ հրավիրել, ոչ թե պետք է հանձնարարի հանձնաժողովներին: Ըստ նրա, ինքնաբավ սուբյեկտ է նաեւ ԱԺ փոխնախագահը ու եթե առաջարկում են, որ փոխնախագահներն էլ իրավունք ունենան լսումներ կազմակերպել, դա նաեւ ընդդիմությանն է պետք, որովհետեւ ԱԺ փոխնախագահի պաշտոն ունի նաեւ ընդդիմությունը:
Իսկ Կարինե Աճեմյանը, որը նախագծի հիմնական զեկուցողն էր, ամփոփիչ ելույթում առաջարկեց նախագիծը դնել քվեարկության այն տեսքով, ինչ իրենք ներկայացրել են եւ ասաց, որ եթե պատգամավորները այլ առաջարկներ ունեն, կարող են իրենք էլ նախաձեռնությամբ հանդես գալ առանձին նախագծով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ