Լրահոս
Օրվա լրահոսը

Քծնանքի մասին

Ապրիլ 11,2018 10:15

Քծնանքը սկսվում է «առաջնորդ» բառից: Առաջ ասում էին՝ «ԱԻՄ առաջնորդ», «Ազգային միաբանության» առաջնորդ, հետո «ՀԱԿ առաջնորդ», «ընդդիմության առաջնորդ», ՕԵԿ առաջնորդ, ԲՀԿ առաջնորդ, ՀՀԿ առաջնորդ: Չնայած իր ծագումնաբանությամբ այդ բառը կարծես թե «լիդերի» հայերեն թարգմանությունն է, բայց ինձ ավելի շատ հիշեցնում է «վոժդ» երեւույթը: Իսկ դա, իհարկե, կապվում է մեր ոչ վաղ անցյալի հետ, երբ կար նախ հեղափոխության առաջնորդ (որի մումիան դրված է դամբարանում), բայց կային նաեւ բազմաթիվ այլ առաջնորդներ, որոնց մեծադիր պատկերները շարված էին, օրինակ, Կոմիտասի շուկայի դիմացի այգու մուտքի մոտ: Նկարների վրա այդ առաջնորդները բավականին առույգ էին, սակայն իրական կյանքում, հեռուստատեսությամբ՝ տարեց, հոգնած մարդիկ, որոնք առանց նախօրոք գրված տեքստի չէին կարողանում մի քանի հոդաբաշխ նախադասություն արտաբերել:

Իմ երեւակայության մեջ «առաջնորդները» ներկայանում են ոչ միայն խորհրդային Պոլիտբյուրոյի տեսքով: Ես պատկերացնում եմ վայրի ցեղերի տարբեր ներկերով ու փետուրներով զարդարված «վոժդերին», որոնց շուրջը պարում են զանազան շամաններ, ինչպես նաեւ մնացած ցեղակիցները՝ որեւէ մեկին եփելու եւ ուտելու պատրաստություն տեսնելիս: Հավանաբար, քծնանքի մեջ կա այդ արխայիկ ոգին, որն իր արմատներով գնում է դեպի մարդկության նախնադարյան շրջանը:

Երբ մարդիկ բարձրաձայն գնահատում են քո արժանիքները, դա, իհարկե, հաճելի է լսել: Բայց դա արժեք ունի միայն այն դեպքում, երբ գնահատողները քեզանից ոչ մի կախում չունեն: Երբ նրանք քո ստորադասներն են, երբ նրանց բարեկեցությունը կամ բիզնեսը կախված է քո բարեհաճությունից, բոլոր տեսակի հաճելի խոսքերը կոպեկի գին չունեն:
Իսկ կողքից նայողների վրա քծնանքն առնվազն տխուր տպավորություն է թողնում, երբեմն տարակուսանք է առաջացնում՝ ինչո՞ւ են այդ մարդիկ նման անբնական պարային շարժումներ անում՝ մի՞թե պատրաստվում են որեւէ մեկին գցել կաթսայի մեջ՝ համապատասխան համեմունքներով:

Որեւէ մարդ, ինչպիսի արժանիքներ էլ ունենա, արժանի չէ պաշտամունքի: Եվ հակառակը՝ բոլոր մարդիկ, անկախ արժանիքների առկայությունից կամ բացակայությունից, արժանի են սիրո: Դրանք ինչ-որ տեղ հակադիր երեւույթներ են: Եթե սիրում ես, չես կեղծում: Իսկ մահկանացուի հանդեպ պաշտամունքն, ի վերջո, կեղծ, անբնական զգացմունք է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    Պաշտեք ձեր Տիրոջը՝ ձեր Ծնողին:
    Սիրեք ում կամ ինչ ուզում եք՝ ժամանակավոր եւ փոփոխական երեւույթ է:

  2. Ռուբեն says:

    Հարգելի Արամ Աբրահամյան, որպես երաժիշտ՝ արդիական մաժոր եք բռնել, քանի որ վերջին տարիներին այն լայն տարածում է գտել իշխող կոալիցիայում: Քծնանքի գործում կարծես մրցույթ է սկսվել, փորձում են գերազանցել մեկը-մյուսին: Մինչդեռ, հասարակ մահկանացուներս, անկախ մեր կամքից, դարձել ենք քծնանքային ելույթներից ձանձրացող ընթերցողներ, քանի որ բոլոր կայքերը ողողված են դրացնով:
    Դեռևս 19-րդ դարում Նիկոլայ Չերնիշևսկին գտել է քծնանքի բուն նպատակը և բացատրել է. «Քծնում են այն նպատակով, որպեսզի հնազանդության տեսքով իշխեն»:
    Պարզից էլ պարզ է, որ 21-րդ դարում էլ աննպատակ չեն քծնում:

  3. Artur Lazarian says:

    «բիսմիլլահի ար-ռահմանի ար-ռահիմ»
    /յանուն բարեգութ եւ ողորմած աստուծոյ/

    «աշադու ան լա իլահա, իլլա իլլահ (սերժ), շարմազանով ռասուլու իլլահ (սերժ)»
    /եւ վկայեցի, թէ ալլահից (սերժից) բացի ուրիշ աստուած չկայ եւ շարմազանովը նրա մարգարէն է/

    🙂

  4. Կարո Մելիքյան says:

    Քծնելը,ամեն առիթներով հաճոյախոսելը,ինչ խոսք՝ զազրելի երևույթներ էն,բայց դրանց հանդուրժողն էլ շատ հեռու չէ այդպիսիներից և գուցե ՝նույն կտորից էն։ՈՒ մեր աչքի ՍՍ գերանը թոզած,հաճախ՝ քմծիծաղի ենք տալիս Ապշերոնյան սուլթանի իշխանամոլությանը և սուլթանության սեփականաշնորհումը …..

  5. gevorg says:

    Այս պաագայում առաջնորդի, լիդերի փոխարեն սազական է ՊԱԽԱՆ_ը

  6. henri says:

    ՛՛ Ուշ լինի անուշ լինի ՛՛ 2000 տարիներ առաջ այս երեւոյթի մասին այնքան յստակ կը խօսի Աւետարանը ակնարկելով այն ժամանակներու սերժիկներու /քահանայապետ ռաբբունիներու/;
    Շարմազանովներու / Փարիսեցի և Սադուկեցիներու / ; ամբոխներու / ՛՛ խաչեսցի՛՛ գոռացողներու
    որ նորութիւն չկայ դժբախտաբար – լաւ է սակայն երբեմն երբեմն յիշեցնելը-
    Շնորհակալութիւն Պ, Աբրահամեան ;

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30