Լրահոս
Օրվա լրահոսը

Հարված Նախիջեւանից. Ալիեւի հավատարմության երդումը Պուտինին

Ապրիլ 11,2018 12:00

Ի՞նչ կլսենք նախիջեւանյան սադրանքի առիթով

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ապրիլի 8-ին հայտարարություն էր տարածել, որում հայտնում էր. «Սույն թվականի ապրիլի 7-ին եւ ապրիլի 7-8-ի գիշերը նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը եւ կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ ՀՀ ՊՆ-ն կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից եւ զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»։

Սովորաբար Արցախում սահմաններում լարվածության, սադրանքների ու տարբեր մասշտաբների միջադեպերի դեպքում, երբ հարցեր էին հնչում, թե ինչու Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հանդես չեն գալիս Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, հնչում էր պատասխան, թե Արցախը ճանաչված չէ, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն կարող նման աջակցություն հայտնել Արցախին: Ի՞նչ «արդարացում» ենք լսելու նախիջեւանյան սադրանքի առիթով:

Ապրիլի 7-8-ին Ադրբեջանի նախագահը նոր հող է նախապատրաստել «Երեւանն ու Զանգեզուրը գրավելու» իր՝ հայտնի ելույթի համար: Առհասարակ նախագահական ընտրությունների վերջին քարոզարշավն Ադրբեջանում առանձնացավ յուրօրինակ ռազմատենչ հռետորաբանությամբ, ու հնարավոր է, որ սա ընդամենը քարոզչություն չէ, այլ կոնկրետ քաղաքականություն՝ հեռուն գնացող նպատակներով:

Բաքուն վաղուց արդեն բացահայտ ձեւով փորձում է միջազգային հանրությունից պատերազմ սկսելու «քարտ-բլանշ» ստանալ: Հատկապես Ռուսաստանից Ադրբեջանի ու Թուրքիայի ակնկալիքներն առավել քան մեծ են: Իսկ Ռուսաստանից վերջերս հնչած մի քանի հայտարարություններ թույլ են տալիս եզրակացնել, որ Բաքուն փորձելու է նոր ճշգրտումներ անել Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ:

Երեւանը չի հերքում ռուսական նոր վարկի մասին տեղեկությունը

Օրեր առաջ ռուսաստանյան Lenta.ru-ն, վկայակոչելով հայկական մամուլը, «Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին նոր անտոկոս վարկ տրամադրել՝ զենք գնելու համար» վերնագրով ծավալուն հոդված էր հրապարակել, որում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր վարկի մասին տեղեկությունը ոչ հերքել, ոչ հաստատել էր: «Մենք մեր սպառազինությունների ձեռք բերման, արտադրության, ռազմարդյունաբերության զարգացման առումով մեր բոլոր գործընկերների հետ ինտենսիվ աշխատում ենք եւ առաջնահերթ, բնականաբար, ՌԴ-ի հետ ենք աշխատում: Եվ էս պահին էդ տիպի աշխատանքները շատ բազմապրոֆիլ են: Մենք ոչինչ չենք բացառում՝ այդ թվում նաեւ միջպետական վարկերի տեսքով, որի փորձը մենք արդեն ունենք՝ ի դեմս 200 եւ առանձին 100 միլիոն դոլարների»,- «Ազատության» հետ զրույցում նշել էր Ա. Հովհաննիսյանը: Հարցին՝ այն, ինչ գրել է մամուլը, ճշմարտությանը մո՞տ է, հնչել էր հետեւյալ պատասխանը. «Դա չի բացառում մեր այսօրվա աշխատանքի եւ ոչ վաղ անցյալի փորձի ընդհանուր քայլերը»: Lenta.ru-ն, հղում անելով հայկական մամուլին, գրել էր նաեւ, թե Ռուսաստանը, նոր զենք տրամադրելով Հայաստանին, պատասխանում է Ադրբեջանին, ինչպես նաեւ հավելում էին, որ Ռուսաստանը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո որոշել է հավասարակշռության բերել ուժերը եւ մտադիր է իր դաշնակից Հայաստանին այնքան զենք տրամադրել, մինչեւ ուժերը հավասարվեն:

«Կնճռոտ հարցեր, որոնք ծագում են ենթականերից որեւէ մեկի մեղքով»

Ադրբեջանի նախագահը օրերս ծավալուն հարցազրույց է տվել TACC գործակալության փոխտնօրեն Միխայիլ Գուսմանին, որում շարունակել է մեղադրել Հայաստանին՝ «Լեռնային Ղարաբաղում առկա ստատուսքվոն» չփոխելու մեջ, հավելելով, որ «պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այն գլխավոր խոչընդոտն է, որը թույլ չի տալիս կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»: «Հայտարարությունների մակարդակում Հայաստանը պնդում է, թե ցանկանում է բանակցություններ վարել: Իրականում, սակայն, զբաղված է դրանց իմիտացիայով: Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի փակ շրջան ստեղծվի, եւ այս ամենը վերածվի անվերջ մի գործընթացի: Դա ոչ մեզ համար է ընդունելի, ոչ էլ միջազգային հանրության»:

Ինչպես միշտ, Ալիեւը հիշել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը, պահանջել հակամարտության լուծման քայլեր, ավելի ճիշտ՝ նախապայման է ներկայացրել՝ «ադրբեջանական հողերի դեօկուպացիա»: «Միջնորդական առաքելության մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, պետությունների ղեկավարների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն անընդունելի է եւ պետք է փոփոխվի: Մենք միանշանակորեն համաձայն ենք այդ մոտեցմանը եւ կարծում ենք, որ այդ հայտարարությունները միանգամայն տեղին են: Մյուս կողմից՝ հայտարարություններն, իհարկե, շատ կարեւոր են, սակայն մեզ հակամարտության կարգավորում է անհրաժեշտ»,- ասել է Ալիեւը:

Ապա նա անդրադարձել է ադրբեջանական բանակի վերազինման գործընթացին. «Մենք գործնականում ավարտել ենք բանակի վերազինման գործընթացը: Այսօր մեր բանակը հագեցած է թե՛ հարձակողական եւ թե՛ պաշտպանական բնույթի ամենաժամանակակից տեխնոլոգիական եւ բարձր ճշգրտության աստիճան ունեցող սպառազինությամբ: Մենք սպառազինություն ենք ձեռք բերում աշխարհի լավագույն արտադրողներից: Ձեռք բերված այդ սպառազինությունը մեզ ինքնավստահություն է հաղորդում»: Այնուհետեւ Ալիեւն անդրադարձել է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին, եւ, կարելի է ասել, նա փորձել է ցրել կասկածները ռուսական անպիտան զենքի վաճառքի շուրջ խոսակցությունները եւ ներկայացրել է, թե որքան սերտ են նրա հարաբերությունները ՌԴ նախագահի հետ:

Ալիեւը պնդել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելը հնարավոր դարձավ նախեւառաջ Վլադիմիր Պուտինի հետ իր ունեցած անձնական լավ հարաբերությունների շնորհիվ. «Ռուսաստանի նախագահի հետ անձնական հարաբերությունները երկկողմ հարաբերությունների զարգացման գլխավոր գործոններից են: Մեր միջեւ առկա են շատ վստահելի հարաբերություններ: Մեզ համար փակ թեմաներ գոյություն չունեն: Եվ եթե ի հայտ են գալիս հարցեր, որոնք մեր միջամտությունն են պահանջում, ապա մենք առանց վարանելու զանգահարում ենք միմյանց կամ հանդիպում ենք եւ կարգավորում այն կնճռոտ հարցերը, որոնք ծագել են ենթականերից որեւէ մեկի մեղքով»:

Այպիսով, Ալիեւն արձանագրում է, որ Ադրբեջանը սպասում է կոնկրետ գործողությունների թե՛ միջազգային հանրությունից, թե՛ հայկական կողմից, որ ապագայում Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռք բերումն ավելի ընտրողական եւ կոնկրետ կլինի: Հետաքրքրական է, որ Ալիեւն արձանագրել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում, այնուամենայնիվ, կնճռոտ հարցեր ծագում են՝ «ենթակաների մեղքով»:

TRT World-ին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ իր հերթին խոսել է հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ քայլերի մասին՝ շփման գծում տիրող իրավիճակը գնահատելով անբավարար. «Մենք դա համարում ենք պարբերաբար կատարվող հրաձգություն, որը կարող է հանգեցնել ավելի լուրջ բախումների: Շփման գծի խրամատները շատ մոտ են գտնվում միմյանց: Որոշ վայրերում նրանց միջեւ հեռավորությունը 100 մետրից քիչ է, ինչը, իհարկե, մեծ վտանգ է առաջացնում: Ես չեմ համարում, որ դիվանագիտության հնարավորությունները սպառված են: Բայց մենք պետք է կրկնապատկենք կամ եռապատկենք մեր ջանքերը»: Ապա նա շարունակել է. «Մենք պայմանավորվեցինք, որ լրջորեն կակտիվացնենք բանակցությունները Ադրբեջանում եւ Հայաստանում ընտրական գործընթացների ավարտից հետո: Ի վերջո մենք կհասնենք արդյունքի: Մենք ակնկալում ենք, որ արդար որոշում կկայացվի»:

2016թ. ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց Վիեննայում, այնուհետեւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակելու, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները ընդլայնելու շուրջ: Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպմանը՝ անցած տարվա հոկտեմբերին՝ Ժնեւում, հայտարարվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Սակայն այս պայմանավորվածություններից որեւէ մեկը մինչեւ օրս չի իրագործվել: Պաշտոնական Բաքուն գերադասում է լռել այդ պայմանավորվածությունների մասին՝ շարունակելով անհիմն մեղադրանքներ հնչեցնել հայկական կողմի ուղղությամբ:

Երեւանը հիշեցնում է. Բաքուն հրաժարվում է կատարել ցանկացած պայմանավորվածություն

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ ապրիլյան պատերազմից երկու տարի անց Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում առաջընթաց չկա, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել ցանկացած պայմանավորվածություն: «Լինում են հանդիպումներ, ձեռք են բերվում համաձայնություններ, բայց Ադրբեջանը ամեն ինչ անում է դրանք չիրականացնելու համար: Ավելին, Ադրբեջանը նաեւ այնքան հեռու է գնում վերջին շրջանում, որ տարածքային նկրտումներ է հնչեցնում Հայաստանի նկատմամբ: Մենք մեկ անգամ չէ, որ զգուշացրել ենք, որ նման գործելաոճը վտանգավոր է, եւ միջազգային հանրության ոչ ադեկվատ արձագանքի պայմաններում այն կարող է նոր սրացումների բերել»,- «Ազատության» հետ զրույցում նշել է Տիգրան Բալայանը:

«Մնում է՝ համաձայնությունը նաեւ փաստաթղթում ամրագրվի»,- ասում է Լավրովը

ԱԳՆ կայքում ապրիլի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցն է հրապարակվել, որում պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե արդյոք նա կիսո՞ւմ է տարածված այն կարծիքը, որ 2011թ. Կազանյան գագաթնաժողովը կարող էր բեկումնային լինել Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, եւ արդյոք ակնկալո՞ւմ է առաջխաղացում բանակցություններին, ասել է, որ իսկապես սպասումները Կազանյան գագաթնաժողովից մեծ էին, ռուսական կողմը մյուս երկու համանախագահների՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների համաձայնությամբ պատրաստել էր փաստաթուղթ, որը կողմերը պետք է ստորագրեին, սակայն վերջին պահին նոր մեկնաբանություններ ու հարցեր են ծագել, եւ փաստաթուղթը չի ստորագրվել: «Այդպես լինում է»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ սա ողբերգություն չէ, եւ աշխատանքները շարունակվում են ամեն դեպքում:

Լավրովի խոսքով՝ կազանյան փաստաթղթում տեղ գտած կետերը այսօր էլ ընդունելի են կողմերի համար, թեեւ, ըստ Լավրովի, համանախագահները նաեւ նոր գաղափարներ են առաջարկել վերջին տարիներին, եւ նոր փաստաթուղթը նաեւ այդ գաղափարների շուրջ պետք է ձեւավորվի: «Ամենակարեւորն այն է, որ կողմերը հրաժարվեն անվստահությունից, որը դեռ երբեմն դրսեւորվում է բանակցությունների ընթացքում, եւ կենտրոնանան իրատեսական գաղափարների վրա, որոնք առկա են»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ի սկզբանե կողմերը համաձայն են կարգավորման շուրջ համանախագահների ներկայացրած փաստաթղթի նախագծի հետ, մնում է, որ այդ համաձայնությունը նաեւ փաստաթղթում ամրագրվի: «Պարզապես պետք է դրանք հանձնել թղթին, չնայած կոնցեպտուալ կերպով կողմերը համաձայնում են դա անելու անհրաժեշտության հետ, բայց երբ ամեն ինչ սկսվում է ձեւակերպվել որոշակի ձեւակերպումներով, ինչպես որ լինում է այլ իրավիճակներում, առաջ են գալիս բարդություններ: Կարծում եմ, որ մենք կշարունակենք դրանք հետեւողականորեն հաղթահարել եւ կհասնենք արդյունքների»,- ասել է Լավրովը՝ նկատելով, որ լավատես է խնդրի կարգավորման հնարավորության հարցում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 10.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30