Վերահսկիչ պալատն ուսումնասիրություն է կատարել գյուղատնտեսության նախարարության խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամում եւ արձանագրել՝ հիմնադրամն իր կանոնադրությամբ սահմանված մեկ տասնյակից ավելի աշխատանքներ 2017-ին չի իրականացրել:
Թեեւ ՎՊ-ի այս ուսումնասիրության հաշվետվությունը պաշտոնապես հրապարակման ենթակա չէ, սակայն «Առավոտին» որոշ տեղեկություններ են հայտնի դաձել:
Բացի այս, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հիմնադրամը մի դատական գործընթացի համար փոխհատուցում է տրամադրել հիմնադրամի բյուջեից, ինչի իրավունքը չուներ: Հիմնադրամի տվյալ բյուջեն համարվում է նվիրատվություն, եւ ըստ պայմանագրի՝ գումարը պետք է ծախսվի հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու համար: Այդ գործառույթներն են՝ խաղողագործության զարգացումը` որպես գինու արտադրության որակի գրավական, գինու արտադրության որակի բարելավումը, երկրի գինեգործության վարկանիշի եւ մրցունակության բարձրացումը, հայկական գինու մշակույթի զարգացումը, «Հայկական գինիներ» ապրանքանիշի ձեւավորումն ու առաջմղումը, գինու արտահանման խթանումը, Հայաստանում գինու սպառման մշակույթի ձեւավորման խթանումը: Այստեղ խոսք չկա ոչ դատական հայցի համար փոխհատուցում տրամադրելու մասին:
Հիմնադրամը 7,6 միլիոն դրամ փոխհատուցում է տվել մի քաղաքացու աշխատանքային փոխհարաբերություններում հիմնադրամի սխալի համար: Փոխհատուցումը հիմնադրամը տրամադրել է իր՝ որպես նվիրատվություն ստացած 108.2 միլիոն դրամ բյուջեից: Այս 108.2 միլիոն դրամի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 2016-ի դեկտեմբերի 23-ին գյուղատնետեսության նախարարության հետ, որը եւ, ըստ պայմանագրի, հանդիսանում է նվիրատուն, իսկ հիմնադրամը՝ նվիրառու: Ըստ պայմանագրի՝ դրամական միջոցները նվիրառուն տրամադրում է հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացման համար:
«Եթե նվիրառուն, այսինքն՝ հիմնադրամը, նվիրաբերված գումարն օգտագործել է որոշմամբ սահմանված նշանակությանն անհամապատասխան, նվիրաբերողը, այսինքն՝ գյուղնախը, իրավունք ունի պահանջելու վերացնել նվիրաբերությունը»,- սահմանված է պայմանագրով: Սակայն մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի համաձայն՝ նախարարությունը պայմանագրի այդ կետը ի կատար չի ածել:
Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր նախկին պաշտոնակատարը դիմել էր դատարան՝ ընդդեմ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի` նախկին աշխատանքում վերականգնելու, հրամանն անվավեր ճանաչելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձը վճարելու պահանջով: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ կողմերը հաշտության են եկել՝ 7,6 միլիոն դրամ փոխհատուցումը վճարելու պայմանով: Ըստ datalex-ի. «Պատասխանողը (հիմնադրամը), հաշվի առնելով հայցվորի (հիմնադրամի տնօրենի նախկին պաշտոնակատար)՝ հիմնադրամի ստեղծման գործընթացում ունեցած մեծ ավանդը, գործարար հարաբերություններում պահպանելով հարգանքը նրա նկատմամբ եւ հիմնադրամի զարգացման գործում դրսեւորած կազմակերպչական հմտություններն արժանվույնս գնահատելով, որպես աջակցություն հայցվորին, պատասխանողը հատկացնում է 7 միլիոն 600 հազար դրամ, որը ներառում է 485 հազար դրամ՝ հայցվորի փաստաբանի վարձատրության գումարը: Հայցվորը հրաժարվում է քաղաքացիական գործով հայցային պահանջներից, ինչպես նաեւ ցանկացած այլ առկա կամ ապագայում առաջացող գույքային կամ ոչ գույքային պահանջներից, որոնք կապված են հայցվորի եւ հիմնադրամի աշխատանքային հարաբերությունների կամ այդ հարաբերությունների դադարեցման հետ (ներառյալ դատական ներկայացուցչության համար փոխհատուցման պահանջը)։
Հայցվորը հրաժարվում է հիմնադրամի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելուց եւ պարտավորվում է սույն հաշտության համաձայնագրի հիման վրա գործի վարույթը կարճելու մասին վճռի հրապարակումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել պատասխանողին իր մոտ առկա հիմնադրամի գործունեությանը վերաբերող ծրագրեր, մշակված նյութեր, հիմնադրամի անունից չհրապարակել եւ չտրամադրել հայտարարություններ, տեղեկություններ, այդ թվում՝ սոցիալական ցանցերում»։
Նշենք, որ ներկայումս հիմնադրամի տնօրենը Զարուհի Մուրադյանն է, սակայն այս դատական վեճը տեղի է ունեցել մինչ Մուրադյանի՝ տնօրեն նշանակվելը: Դատական այս վեճն ու պայմանագրի կետը խախտելով՝ փոխհատուցման տրամադրման գործընթացը եղել է, երբ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր Վահե Զիլավյանը:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի՝ այս հիմնադրամում արձանագրած թերացումներին, ապա նշենք, որ ուսումնասիրությունը վերաբերում է 2016-2017 թվականների գործունեությանը: Եվ ըստ ՎՊ-ի՝ հիմնադրամի հաշվին 2016-17 թվականներին մուտքագրվել է 348,8 միլիոն դրամ եւ 43 միլիոն էլ՝ որպես այլ մուտքեր:
2017-ին հիմնադրամը, ըստ ՎՊ-ի, իր բյուջեի 348,8 միլիոն դրամից ծախսել է 332 միլիոնը:
Նույն տարում հիմնադրամի ծախսերն են՝ աշխատավարձ՝ առանց եկամտահարկի եւ սոցվճարների՝ 59,3 միլիոն դրամ, ծառայությունների ձեռք բերում՝ 29,3 միլիոն դրամ, հիմնական միջոցների ձեռք բերում (այդ թվում՝ 15 միլիոն դրամով մեկ ավտոմեքենա)` 28,4 միլիոն դրամ, ծրագրային ծախսեր (հայկական գինիների ներկայացում)՝ 176,9 միլիոն դրամ, այլ ծախսեր՝ ներառյալ հարկերը, տուրքերը եւ այլ վճարները, 38 միլիոն դրամ:
Վերահսկիչ պալատը նշել է. «Հիմնադրամի հաստիքացուցակում առկա է 12 հաստիք, որից խաղողագործության բնագավառի մասնագետները 3-ն են, ինչն էլ որոշ չափով բացատրում է այդ բնագավառում կատարված աշխատանքների ցածր մակարդակը: Մասնավորապես, անցած ժամանակահատվածում հիմնադրամը չի զբաղվել կանոնադրությամբ սահմանված՝ Հայաստանի տարածքում աճեցվող խաղողի սորտերի գույքագրմամբ, ինչը կարեւոր նշանակություն ունի մրցունակ գինու տեսակների արտադրության ներուժի գնահատման, այգետարածքներում խաղողի գինեմետ սորտերի աճեցման տեսանկյունից»: Բացի այս, ՎՊ-ն արձանագրել է, որ հիմնադրամը 2017-ի հունիսին փորձել է 200 համայնքների 3796 ֆերմերների շրջանում կատարել հարցում՝ խաղողագործության ոլորտի խնդիրների բացահայտման, ստացվող խաղողի սորտերի ու քանակի եւ այլ հարցերի շուրջ, սակայն չի կատարել: Մասնավորապես, ըստ ՎՊ-ի, այդ միջոցառումն արդյունք չի տվել, հարցմանը մասնակցել է ընդամենը 415 ֆերմեր, իսկ հարցման արդյունքները չեն ամփոփվել:
Ըստ ՎՊ-ի՝ հիմնադրամն իր կանոնադրության 23 գործառույթներից 14-ի իրականացումը չի ապահովել, եւ ինչպես ՎՊ-ն է նշել, գործառույթների գերակշռող մասը հստակ չէ (աջակցել, մասնակցել, խթանել, նպաստել եւ այլն), ինչը հնարավորություն չի ընձեռում գնահատելու նաեւ մնացած գործառույթների իրականացման արդյունավետությունը:
Ներկայացված խնդիրների վերաբերյալ առաջիկայում կներկայացնենք նաեւ գյուղատնտեսության նախարարության պարզաբանումը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
10.04.2018