Դատավորին պահանջվեց 7 րոպե խորհրդակցական սենյակում՝ ցմահ դատապարտյալի 23 տարվա անազատությունը գնահատելու, նրա բողոքը մերժելու մասին եզրափակիչ մասը պատրաստելու եւ հրապարակելու համար:
Արսեն Արծրունին 10.10.1996թ. ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի:. 2003թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արսեն Արծրունուն ներում է շնորհվել եւ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Գործող ՀՀ քրեական օրենսգիրքը ընդունվել է 29.04.2003թ., ուժի մեջ է 01.08.2003թ.-ից: ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն. «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝ ցմահ ազատազրկման դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին»: ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը ընդունվել է 24.12. 2004թ., ուժի մեջ է 10.02.2005թ.-ից:
Բողոքաբեր կողմի բողոքի համաձայն, մարզի դատարանը խախտել էր Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը չեն կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նրանք ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են գործի ելքով: Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածն ամրագրում է գործի արդարացի քննության սկզբունքը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. դեկտեմբերի 1-ի որոշման դեմ բողոք բերած արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պաշտպաններ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Նարինե Ռշտունին եւ Ռոբերտ Ռեւազյանը հղում էին կատարել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ հոդվածի 4-րդ կետերին. յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք:
Վերաքննիչ քրեական դատարանում երեկ իրենց բողոքի քննության ժամանակ փաստաբան, ցմահ ազատազրկման դատապարտվածի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանն ասաց, որ իր պաշտպանյալի անձնական գործն ուսումնասիրելիս պարզել է, որ Արսենին 2012թ.-ին տրամադրվել է երկու երկարատեւ, հինգ կարճատեւ տեսակցություն: Իսկ դա նշանակում է, որ դա արվել է խրախուսման նպատակով:
Նա խնդրեց դատարանին, որպեսզի սա դիտվի խրախուսանք: Ի դեպ, 2003թ. օրենսգրքի 49 հոդվածի 2-րդ մասի համաձայն, դատապարտյալի նկատմամբ պատժի չկրած մասը կարող է կիրառվել, եթե օրինակելի վարքագծով նա ապացուցել է իր ուղղված լինելը:
Արսենի պաշտպան Նարինե Ռշտունին էլ ափսոսանք հայտնեց, որ Արսենը առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա գտնվել բողոքի քննությանը: Պաշտպանը նրա հետ տեսակցել էր նիստից երկու օր առաջ՝ շաբաթ օրը:
Նրա կարծիքով, Արսենի ներկա գտնվելը կարող էր ազդել դատարանի (դատավոր՝ Ս. Չիչոյան) ներքին համոզմունքի վրա, եւ դատարանին կարճ ներկայացրեց այն, ինչը դատապարտյալը չէր կարողացել ներկայացնել: Խոսքն անազատության 23 տարիների մասին է, ինչի մասին իրազեկել ենք մեր նախորդ հրապարակումներում:
Դատարանը ավարտեց բողոքի քննությունը եւ մերժեց դատապարտյալի բողոքը:
Հիշեցնեմ, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը ուսումնասիրելով «Արթիկ» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու հարցը, որոշում էր կայացրել պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ տալ բացասական եզրակացություն: Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ի որոշումը բողոքաբեր կողմը ստացել է դեկտեմբերի 13-ին: «Պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննելիս դատարանը, փաստորեն, քննարկում է անձին ազատություն տրամադրելու կամ չտրամադրելու հարց: Որպես վատ վարքի համար պատժի միջոց անձին ազատություն չտրամադրելը վերաբերում է քրեական իրավունքի ոլորտին եւ առաջացնում է ծանր հետեւանքներ տվյալ անձի համար: Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում եւ կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»,-ասել էր բողքաբեր կողմը:
Շիրակի մարզի դատարանն իր որոշման մեջ նշել էր նաեւ. «Գործի նյութերի, ինչպես նաեւ դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրությունից երեւում է, որ Արսեն Արայի Արծրունին պատժի կրման ընթացքում 3 անգամ կարգապահական տույժերի է ենթարկվել, չի խրախուսվել, արտաքին աշխարհի՝ հարազատների հետ կապը պահպանում է հիմնականում հեռախոսակապի միջոցով, քաղ. հայց չունի, կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցում է, սովորում է բուհում, որպես ասպիրանտ, անտարբեր է քրեական ենթամշակույթի եւ քրեական ավանդույթների նկատմամբ, բնավորությամբ հանգիստ է, շփվող, ինքնամփոփ, աշխատասեր, հարգալից, միջանձնային կոնֆլիկտային խնդիրներ չունի, զղջում է կատարած արարքի համար», մինչդեռ բողոքի քննության ժամանակ, պարզվեց, որ կարգապահական տույժի ենթարկվել է ընտանիքի անդամների հետ երեք անգամ հեռախոսով խոսելու համար:
Պաշտպանական կողմը պնդել էր, որ առաջին ատյանի դատարանը չի կատարել այս գործով հանգամանքների բազմակողմանի, ինքնուրույն վերլուծություն: Դատարանի գնահատմամբ, Արսեն Արծրունուն պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ անկախ հանձնաժողովի եզրակացությունը տրվել է «օրենքով սահմանված ընթացակարգերի հիման վրա եւ այն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է դատարան»: Բողոքաբեր պաշտպանների գնահատմամբ, բացասական եզրակացությունից երեւում է, որ. «Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են միայն ՔԿՀ-ի կողմից ներկայացված փաստաթղթերը, իսկ Արսեն Արծրունու կողմից ներկայացված որեւէ փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ: Բացի այդ, հանձնաժողովի այն միտքը, որ ՔԿՀ-ի կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ Արսեն Արծրունու կողմից առարկություն չի եղել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ դատապարտյալի անձի եւ վարքագծի փաստական նկարագրի մեջ նշված է, որ 03.11.16թ. առկա է կարգապահական տույժ, որը ճշմարտացի տվյալներ չեն, քանի որ տույժը տրվել է ոչ թե 2016թ., այլ՝ 2006-ին»:
Երեկ բողոքի քննության ավարտին դատարան չներկայացան անկախ հանձնաժողովից որեւէ մեկը, ներկա չէր քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը, որը նախորդ նիստին կար:
Մարզի դատարանում բողոքաբեր կողմը միջնորդել էր, որպեսզի դատարան հրավիրվի հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահը դատարանին գրությամբ տեղեկացրել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող այդ օրը ներկայանալ դատարան:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
10.04.2018