Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկավագ օպերային բասը առաջնորդվում է Տիրոջ աստվածապարգեւ շնորհով

Ապրիլ 11,2018 14:00

Օրերս «Առավոտը» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող Մասսնեի «Մանոն» օպերայի բեմական փորձերից մեկի ժամանակ հանդիպեց մեներգիչ Հովհաննես Ներսեսյանին՝ կոմս դե Գրիեի կերպարում: Հանդիսատեսը արվեստագետին ծանոթ է թատրոնի խաղացանկային՝ Չուխաջյանի «Արշանկ Բ», Տիգրանյանի «Անուշ», Պուչինիի «Տոսկա», Բելինիի «Նորմա» եւ այլ օպերաներից, որտեղ երգիչը հանդես է գալիս բասի համար գրված գլխավոր դերերգերով: Վերջին շրջանում հաճախակի են դարձել նրա ելույթնեը արտասահմանյան բեմերում:

Մեզ հետ զրույցում Հովհաննես Ներսեսյանն ասաց, որ այս տարի մարտին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցի հրավերով ելույթ է ունեցել սանկտպետերբուրգյան «Տավրիչեսկի» սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, որը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Միխայիլ Գոլիկովը: «Հրավիրված էին այլ օպերային երգիչներ նույնպես, այդ թվում՝ Մարիինյան թատրոնի մեներգչուհի, սոպրանո Մարիա Բայանկինան, Մոնղոլիայից տենոր Բադրալ Չուլունբադարը եւ այլք: Հանդես եկա Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Ռիմսկի-Կորսակովի «Սադկո», Գունոյի «Ֆաուստ» օպերաներից հայտնի բասի համար գրված արիաներով: Նաեւ Մարիա Բայանկինայի հետ մեկնաբանեցինք Ցերլինայի եւ Դոն Ժուանի դուետը՝ Մոցարտի «Դոն Ժուանից»»:

Մարիա Բայանկինայի հետ:

Հետաքրքրությանը՝ ինչու չի ներկայացրել արիա հայկական որեւէ օպերայից, մեր զրուցակիցը նշեց. «Առաջին անգամ Մարիա Սաֆարյանցի հրավերով 2014թ. մասնակցել եմ «Սանկտպետերբուրգյան պալատներին»՝ հնչեցնելով արիաներ հայկական օպերայից: Հայկական ստեղծագործություններ եմ հնչեցրել նաեւ 2017թ., դարձյալ տիկին Սաֆարյանցի հրավերով՝ Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու օծման 300-ամյակին նվիրված հանդիսությունների մշակութային բաժնում, ինչպես նաեւ Էրմիտաժի հայկական սրահում կայացած մենահամերգիս ժամանակ: Այս տարի կայացած համերգի ձեւաչափը այլ էր»: Հովհաննես Ներսեսյանը նաեւ մասնակցեց օրերս Վատիկանում Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

Երգիչը Վենետիկում Միրզոյան քառյակի հետ ելույթի պահին:

«Հնչեցրի Հայաստանի օրհներգը, ապա Միրզոյան քառյակի հետ Շնիտկեի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հիման վրա գրված երգչախմբային օրատորիայից մի հատված»,- հավելեց արվեստագետը: Խնդրեցինք մանրամասնել մեր ունկնդրին ոչ այնքան ծանոթ օրատորիան: «Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը այս օրատորիայի մի հատված փոխադրել էր լարային քառյակի եւ ձայնի համար: Բնագիրը ռուսերեն է, փոխադրած հատվածը թարգմանված է հայերեն ու վերնագրված՝ «Այն, ինչը որ ես եմ սկսել, դու ավարտես…»,- տեղեկացրեց երգիչը: Հովհաննես Ներսեսյանը նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր է՝ սարկավագ եւ նրան ուղղեցինք հանդիսատեսին հետաքրքրող մեկ հարց՝ արվեստում եկեղեցակա՞նն է առաջնորդում օպերային երգչին, թե՞ հակառակը: «Երկուսն էլ, թեե ցանկացած երաժշտական ստեղծագործություն մեկնաբանելիս նախ առաջնորդվում եմ Տիրոջ աստվածապարգեւ շնորհով»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Հովհաննես Ներսեսյանն
ու Մարիա Սաֆարյանցը:

«Առավոտ»

10.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30