Լրահոս
Օրվա լրահոսը

Համահավասարեցումը երեխաների մեջ ոչնչացնում է իրեն ճիշտ բացահայտելու հնարավորությունը

Ապրիլ 11,2018 13:00

«Ուսանողական խաղեր 2018» ծրագրի շրջանակներում «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հ/կ-ի եւ ՀԵՀ-ի համատեղ կազմակերպած բազկամարտի մրցման ժամանակ, որ անցկացվեց «Ուրարտու» համալսարանում, «Առավոտը» ընդհանրապես ուսանողության շրջանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, առողջ ապրելակերպի դրվածքի մասին զրուցել էր համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանի հետ:

– Ինչո՞վ եք բացատրում, որ բազմաթիվ ոչ պետական բուհերի առկայության պայմաններում որոշվեց բազկամարտի մրցումներն անցկացնել «Ուրարտու» համալսարանում:

– Թերեւս այն պատճառով, որ մենք առաջնորդվում ենք «առողջ հոգի՝ առողջ մարմնում» դրույթով: Եթե մարդը ֆիզիկապես առողջ չէ, բնականաբար, ընկճվածություն, հոգեբանական խնդիրներ են լինելու, առաջանալու են բարդույթներ: Ցավալիորեն, մեր ընդհանուր կրթական համակարգում ավելի շատ կրթության վրա է ուշադրություն դարձվում՝ անտեսելով դաստիարակությունը, հատկապես՝ ֆիզիկական դաստիարակությունը: Այս իմաստով, ֆիզիկական դաստիարակությանը պետք է ուշադրություն դարձվի ոչ միայն բուհում, այլեւ՝ մանկապարտեզում, հանրակրթական դպրոցում: Որպես կանոն, ուժեղներն են բարի լինում: Չարանում է այն մարդը, որին ինչ-որ մի բան չի բավարարում: Նյութականը նկատի չունեմ: Անչափ կարեւոր դերակատարություն ունի նաեւ ընտանիքը: Պետք է սկսել նաեւ ընտանիքից, առողջ ապրելակերպը մտցնել կենցաղ: Ցավոք, դա մեր ընտանիքներում ու կենցաղում չի եղել:

Սոցիալական դժվարություններն այնպիսին են, որ մարդն իր մարմնի առողջությամբ ավելի շատ զբաղվելու հնարավորություն չունի: Ամբողջ ընտանիքով առողջ ապրելակերպով զբաղվելու մշակույթ մենք չենք ունեցել: Եթե երեխան տեսնի, որ ծնողներն զբաղվում են սպորտով, ամենօրյա մարզումներ են անցկացնում կամ դուրս են գալիս զբոսնելու, ինքն էլ ամբողջ կյանքում իր առօրյան այդպես կկազմակերպի: Հիմա, կարծես, այդ բացը փորձում ենք լրացնել նաեւ բուհերում:

– Տեսնում եմ՝ ձեր համալսարանում սպորտով զբաղվելու պայման չկա: Ուսանողների ֆիզիկական դաստիարակությունը կազմակերպելու հարցն ինչպե՞ս եք լուծում:

– Մեր սեփական դահլիճը չունենք, բայց հաստատված պայմանագրով վարձակալել ու ֆիզդաստիարակության ժամերը, մարզական միջոցառումներն անցկացնում ենք մոտակա դահլիճներում: Մեզ մոտ գործում են շախմատի, թենիսի, բասկետբոլի եւ վոլեյբոլի խմբեր ու թիմեր:

– Ուսանողների շարքը համալրում են դպրոցների շրջանավարտները: Ֆիզպատրաստվածության ի՞նչ աստիճանով են գալիս երիտասարդները:

– Իմ դիտարկումներն անեմ, որոնք առնչվում են մեզ մոտ ընդունվածներին: Այնպիսի տպավորություն է, որ դպրոցներում ֆիզիկական կուլտուրան զարմանալիորեն մի տեսակ երկրորդական առարկա է դիտվում: Առողջության մասին մտածում ենք որոշակի տարիքից հետո: Իրականում պետք է մտածել պատանի, երիտասարդ տարիներից: Չեմ կարծում, որ հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկան պիտի որ բավարար հիմքերի վրա դրված լինի: Կարծում եմ՝ գիտական մոտեցում էլ չկա: Անպայման պիտի հաշվի առնվի տվյալ երեխայի ֆիզիկական տվյալները, հոգեբանական առանձնահատկությունները եւ անհատական մոտեցում ցուցաբերել, իմանալ՝ ինչ է կարելի եւ ինչ՝ ոչ: Այլ ոչ թե բոլորին հավասարաչափ վազեցնել, կամ տալ նույն ծանրաբեռնվածությունը: Ո՞վ է ասել, որ վեց տարեկան երեխան պարտավոր է 45 րոպե նստել դասասեղանի առջեւ, ինչպես ավագ դպրոցի սովորողը:

– Դուք որպես մանկավարժ եւ հոգեբան՝ ի՞նչ լուծումներ եք տեսնում:

-Մենք «Ուրարտու» համալսարանում անցել ենք ուսանողակենտրոն ուսուցմանը: Առաջին հերթին հաշվի ենք առնում ուսանողի անհատականությունը, խառնվածքը, ընդունակությունները, բնավորությունը եւ համապատասխան ծրագրեր, մոտեցման ձեւեր ու եղանակներ ենք մշակում նաեւ ֆիզդաստիարակության ոլորտում: Նույնը, մի փոքր էլ ավելի, պիտի արվի նաեւ դպրոցում: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը պետք է կարողանա հասկանալ աշակերտի սեռը, հասունացման տարիքի առանձնահատկությունները, ֆիզիկական ընդունակությունները: Այդ տարիքում ամեն մի սխալ մոտեցումը, կոշտ խոսքը կարող են խորն ազդեցություն ունենալ պատանու, երիտասարդի վրա եւ փոխել նրա ներաշխարհն ու կյանքը: Ֆիզկուլտուրայի դասերի անցկացումը կարելի է խմբակների ձեւով կազմակերպել՝ հաշվի առնելով երեխաների ֆիզիկական, նախասիրությունների եւ հակումների ընդհանրությունները: Իսկ համահավասարեցումը, վստահ եմ, որ հազարավոր երեխաների մեջ կորցրել, ոչնչացրել է իրենց ճիշտ բացահայտելու եւ դրսեւորելու հնարավորությունը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

10.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30