Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը դասախոսություն կարդաց «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի սաների համար

Ապրիլ 10,2018 22:45

Այսօր ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ ընդունելության դասապրոցեսի մեկնարկն էր եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սաների համար առաջին դասախոսությունը կարդաց՝ ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի թեմայով:

Մինչ դասախոսությունը, նա հիշեց իր՝ ԿԳ նախարարի տարիները, ուսանողների հետ շփումները եւ ասաց, որ որպես կանոն, մեր տղաները ծույլ են, աղջիկները՝ շատ նպատակասլաց, մոտիվացված:

Ուշագրավ է, որ դպրոցի սաների մեջ կային ե՛ւ անկուսակցականներ, ե՛ւ այլ կուսակցությունների անդամներ, ե՛ւ ՀՀԿ-ականներ:

Աշոտյանն ասաց, որ նոր համաձայնագիրը մեզ տալու է քաղաքական ոլորտում արագընթաց ու որակյալ ռեֆորմներ անելու նոր թափ, պարտավորություն, ֆինանսական ռեսուրսներ, տնտեսական ոլորտի բարեփոխումներ, միջմարդկային շփումների մեծ հնարավորություն, կարեւոր էլեմենտ կարող է լինել Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար:

Ուսանողներից մեկը՝ Պետական կառավարման ակադեմիայից Արաքս Միքայելյանը հետաքրքրվեց, թե համաձայնագրում տեղ գտած ձեւակերպումները Մեծամորի ատոմակայանի հետ կապված վտանգավոր չե՞ն, չէ՞ որ այն մեր էներգետիկ համակարգի համար կարեւոր նշանակություն ունի:

Աշոտյանը պատասխանեց, որ, իհարկե, Հայկական ատոմակայանը թարմերից չէ, բայց մեր ատոմակայանի անվտանգությունը մեզ ավելի է հուզում, քան ամենասրտացավ արտասահմանցու: Ատոմակայանի անվտանգության համար մենք ջանքեր ենք ներդրել, արդիականացման աշխատանքներ տարել եւ բնականաբար, մենք էլ ենք ուզում, որ այն լինի անվնաս եւ անվտանգ. «Եթե ՀՀ-ն ունենա գործող ատոմակայանին արժանահավատ փոխարինող հզորություններ, մենք կգնանք դրան: Բայց ոչ մի որոշում չենք կայացնելու մեր էներգետիկ անվտանգությանը վնասող»:

Պարոն Աշոտյանը ներկայացրեց այս ուղղությամբ հակառակորդների կողմից տարվող աշխատանքները, քարոզչությունը. «Հակառակորդները վախեցնում են եվրոպացի գործընկերներին, հեքիաթներ պատմում ատոմակայանի մասին: Նույնիսկ բրոշյուրներ ունեն՝ «10 պատճառ, թե ինչու է այն մահաբեր» թեմայով: Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ուղեղների լվացման փորձ է լինում, բայց, փառք Աստծո, դրանք հաջողությամբ չեն պսակվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30