Քիչ առաջ Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանն ամփոփեց այսօրվա երթը, որը սկսել էր Աջափնյակ վարչական շրջանից:
Նրա խոսքով, իրենց երթն այսօր ճանապարհին ողջունել են անցորդներն ու վարորդները, բայց իրենք կարիք ունեն ավելի շատ լինելու. «Մենք նրանց ոգեւորելու ու ողջունելու կարիք ունենք: Վաղը Շենգավիթի մետրոյի մոտից շարժվելու ենք դեպի կենտրոն, բայց այսպիսի մի տեղեկատվություն ունենք՝ վաղը ՀՀԿ-ն նիստ է անելու ու որոշի՝ ով է վարչապետի թեկնածուն, իհարկե դա մեզ հայտնի է, այնպես չէ, որ անակնկալի ենք գալու, բայց այսպիսի առաջարկ ունենք, վաղը շրջափակենք ՀՀԿ-ի շենքը, խնդրենք որ մասնակցեք երթին: Մենք հիմա տարբեր ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ այս մասին խոսելու ենք, ու հուսով ենք, որ բոլորը կմիանան, ու մենք վաղը ՀՀԿ-ականներին կասենք մեր ասելիքը հենց իրենց շենքի մոտ»:
Հիշեցնենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ