«Ապրիլի 9-17-ը համախմբվենք հանուն Հայաստանի փրկության»,- այսօր այս կոչով ու այս գրությամբ ցուցապաստառով «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները Աջափնյակ վարչական շրջանից դեպի Ազատության հրապարակ սկսեցին իրենց երթը:
Նրանք երթի ողջ ընթացքում կոչ էին անում անցորդներին՝ «մերժիր Սերժին»:
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն էլ բարձրախոսով դիմեց քաղաքացիներին ոտքի ելնել, համախմբվել ու ապրիլի 13-ից սկսած ամեն օր լինել Ազատության հրապարակում լինել, որ խաղաղ, բայց վճռականորեն արգելեն ռեժիմի ու նրա պարագլխի վերարտադրությանը:
Հիշեցնենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Երթի մասնակից ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն էլ նկատեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք մի ձեռքբերում է եղել. «Մի ճիշտ բան է ասել՝ հավատա, որ փոխես, մենք հավատում ենք, որ նրան փոխենք: Ինչ հնարավոր է փորձում ենք անել, փորձում ենք համախմբել ազգին, մնացածը ժամանակի խնդիր է, կարեւորը չենք հիասթափվում, հույս ունենք, պայքարը հավերժ է, շարունակելու ենք, մինչեւ փոխենք այս իշխանությանը»:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի իշխանության մեծ ձախողումներն այն են, որ քաղաքացին տեսնում է արտագաղթի զգալի ցուցանիշները, սահմանին ամեն օր գրանցվող զոհերին, հարյուրավոր հեկտարներով հողեր թշնամուն հանձնելու փաստը. «Սա բավական է, որ նա էլ չլինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ