Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ հոգևոր հովվի՝ Մեծ Բրիտանիայի և Իսլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին Լոնդոնի համայնքային շաբաթօրյա դպրոցի տնօրեն Ռամելիա Ղազարյանը, դպրոցի հոգաբարձության վարչության ատենապետ Հրաչ Ղազարյանը, Թեքեյան մշակութային միության ատենապետ Կարեն Արևյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու անդամական ժողովի ատենապետ Տիգրան Պետրոսյանը, Սուրբ Եղիշե եկեղեցու ծխական խորհրդի անդամ Սեդրակ Կարամֆիլյանը, Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի փոխատենապետ Զորիկ Գասպարյանը, առաջնորդարանի ծրագրային կոմիտեի պատասխանատու Պետրոս Ասլանյանը, Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Վահան Գրիգորյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Մեծ Բրիտանիայում հայկական համայնքի համախմբվածությունը, հոգևոր առաջնորդի, ազգային գործիչների ներդրումը ինքնության, լեզվի, մշակույթի ու ավանդույթների պահպանման գործում: Անդրադարձ կատարվեց դպրոցի դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման հարցերին, Սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին առավել ակտիվ մասնակցությանը:
Քննարկվեցին նաև Թեքեյան մշակութային միության միասնական համահայկական հարթակ ստեղծելու, Ցեղասպանության ճանաչման, Արցախի հիմնախնդրի լուծման, Հայաստանի տնտեսության զարգացման հետ կապված հարցեր, նախանշվեցին դրանց իրականացման ուղիներն ու հնարավորությունները:
ՀՀ սփյուռքի նախարարություն