Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիևն ընտրություններից առաջ լռեցնում է քննադատ մամուլը. CPJ

Ապրիլ 10,2018 18:08

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ Ադրբեջանում համացանցն ազատ է, ապահովված է նաև մամուլի ազատությունը: Ապրիլի 11-ի ընտրությունների նախօրեին իշխանությունները պարբերաբար լռեցրել են քննադատ ձայներն առցանց հարթակում՝ օրենքում փոփոխություններ կատարելով և արգելափակելով լրատվական կայքերը, հաքերային հարձակումներ գործելով ազատ մամուլի վրա, գրում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) լրագրող Գյուլնոզա Սայիդը:

Անցյալ տարի Դավոսի տնտեսական ֆորումում իր ելույթում Ալիևն ասաց, որ երկրի բնակչության մոտ 80 տոկոսն օգտվում է առցանց հարթակներից՝ նշելով. «Երբ համացանցն ազատ է՝ առանց գրաքննության և բնակչության բացարձակ մեծամասնությունն օգտվում է համացանցից, դժվար է խոսել մամուլի նկատմամբ սահմանափակումների մասին»:

Այնուամենայնիվ, Ադրբեջանը, որը սպասում է ընտրությունների արդյունքներին, զրկել է բնակչությանն ազատ մամուլից և Ալիևի ու նրա ընտանիքի մասին քննադատ լուսաբանումից:

Անցյալ տարվա մարտին Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց Տեղեկության, տեղեկատվության և տեղեկության պաշտպանության մասին օրենքի փոփոխությունը՝ թույլ տալով իշխանություններին փակել կայքերն առանց դատարանի որոշման:

Եվ արդեն մայիսին Տրանսպորտի, հաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների նախարարությունն արգելափակել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքը, Բեռլինում տեղակայված Meydan TV անկախ լրատվական գործակալությունը, Azadliq անկախ օրաթերթը, Turan TV և Azerbaycan Saati առցանց հեռուստաալիքները: Բաքվի դատարանն էլ վճռեց, որ դրանք բռնություն, ատելություն, ծայրահեղականություն են քարոզում:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ իր ադրբեջանական ծառայության կայքն արգելափակելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ այնտեղ հրապարակվել էր հետաքննական զեկույց՝ նախագահ Ալիևի ընտանիքի անդամների և նրա շրջապատի ֆինանսական գործարքների մասին: Ռադիոկայանն այդ ժամանակ փորձեց բողոքարկել վճիռը, բայց դեկտեմբերին Բաքվի դատարանը անփոփոխ թողեց որոշումը, և բոլոր կայքերը մնացին արգելափակված:

Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են նաև OCCRP կայքը այն բանից հետո, երբ սեպտեմբերին Սարաևոյում տեղակայված այդ կազմակերպությունը հրապարակեց «Ադրբեջանական լվացքատուն» զեկույցը, որում Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում էին փողերի լվացման և լոբբիստական գործունության մեջ:

Նշված հարցերի վերաբերյալ լրագրողը փորձել է մեկնաբանություն ստանալ Ադրբեջանի մամուլի խորհրդից, սակայն գրավոր հարցմանը ապրիլի 9-ի դրությամբ պատասխան չի ստացվել:

Սոցիալական մեդիայում քննադատների էջերը նույնպես հաքերային հարձակումների են ենթարկվել, ինչը, ըստ ադրբեջանցի լրագրողների, կառավարության կողմից իրենց լռեցնելու հերթական քայլն է:

Երբ հունվարի 29-ին հարձակման ենթարկվեց Meydan TV-ի կայքը, այն կորցրեց 100 հազար բաժանորդ (մոտ մեկ հինգերորդը) իր ադրբեջանական, անգլիախոս և ռուսական էջերում, և ամբողջ կոնտենտը 2012թ-ից հետո ջնջվեց: Facebook-ը կարողացավ բաժանորդների թիվը վերականգնել միայն մարտի վերջին, բայց ջնջված կոնտենտն այդպես էլ չվերականգվեց:

Դեկտեմբերի վերջին YouTube-ը ջնջեց Meydan TV-ի տեսանյութերը այն բանից հետո, երբ Թուրքիայում տեղակայված Muse Networks ընկերությունը Meydan TV-ին մեղադրեց հեղինակային իրավունքների խախտման մեջ: Meydan TV-ի տնօրեն Էմիլ Միլլիան CPJ-ին ասել է, որ այդ տեսանյութերը բացառապես իրենց կողմից են ստեղծվել : Ընդ որում, դրանցում տեղեկություններ էին հրապարակված երկրի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի, պետական նավթային ընկերության ֆինանսական գործարքների մասին:

Ավելի ուշ Muse Network հայտարարեց, որ դա տեխնիկական սխալ է եղել և ներողություն խնդրեց, որից հետո տեսանյութերը վերականգնվեցին: «Ես ոչ մի կասկած չունեմ, որ դրա ետևում կանգնած է Ադրբեջանի կառավարությունը»,- ասել է Միլլին:

Հունվարի սկզբին YouTube-ից հեռացվել է նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության 6 տեսանյութ՝ դարձյալ Muse Networks-ի կողմից հեղինակային իրավունքները խախտելու մեղադրանքներից հետո: Ավելի ուշ՝ YouTube-ին ուղղված բողոքների արդյունքում այդ տեսանյութերը վերականգնվել են:

Ադրբեջանցի լրագրողները նաև բողոքել են հաճախակի դարձած DDoS հարձակումներից, ինչպես նաև սոցցանցերում բոտերի առկայությունից: Նրանք համոզված են, որ դրանց ետևում նույնպես կանգնած է կառավարությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30