ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը Շիրակի մարզից բավական մեծ թվով մարդիկ են հրավիրված եղել․ ընդ որում՝ տարբեր ոլորտներից։ Հիմնականում հրավիրել են նրանց, որոնց հետ փետրվարին՝ Գյումրի կատարած այցի ժամանակ, Արմեն Սարգսյանը հասցրել էր շփվել, զրուցել, տարբեր խնդիրներ քննարկել։ Հրավիրվածների շարքերում եղել են ռեկտորներ, դպրոցի տնօրեններ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։
Երդմնակալությանը մասնակցել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը, որը և փետրվարին կազմակերպել էր Արմեն Սարգսյանի հանդիպումը գյումրեցի մտավորականների հետ, Գյումրու Օյունջյանի անվան միջնակարգ դպրոց-վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը, Շիրակի մարզպետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։ Տիկին Կիրակոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն անձամբ հրավիրել են նախագահականից, և որ ինքը մասնակցել է Հայաստանի բոլոր 4 նախագահների երդմնակալության արարողությանը։
Մարզային իշխանությունների ղեկավարներից, բնականաբար, հրավիրված են եղել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Շիրակի երկու խոշոր քաղաքների քաղաքապետերը՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը։ Մարզի խոշորացված համայնքների համայնքապետերից և ոչ մեկը չի հրավիրվել։
Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Մխիթար Վարագյանի Ղազախստանում բնակվող մեծահարուստ եղբայրը՝ Դավիթ Վարագյանը, որը նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մտերիմն է, բավական ջերմ հարաբերություններ ունի ՀՀ նոր նախագահի հետ։ Վարագյանների ավագ եղբայրը Արմեն Սարգսյանի՝ վերջերս Ղազախստան կատարած այցի ժամանակ էլ անընդհատ նրա կողքին է եղել․ այս մասին փաստել են հեռուստատեսային ռեպորտաժներում տեղ գտած կադրերը։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, Արմեն Սարգսյանը ջերմ հարաբերություններ ունի նաև Ղազախստանի նախագահի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի հետ, որին 2013 թվականին՝ Ուելսի արքայազն Չարլզի Հայաստան կատարած այցի ժամանակ, նա անձամբ էր հրավիրել Հայաստան:
Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, սակայն, մեր հետ ունեցած հեռախոսազրույցում, իր եղբոր ու նոր նախագահի մտերիմ հարաբերությունների մասին խուսափեց խոսել։ «Չգիտեմ որտեղից են շրջանառում այդ տեղեկությունները, իրենցից հարցրեք», -խորհուրդ տվեց Արթիկի քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Ինագուրացիա» բառ հայերէնում չունենք: Կատարելապէս ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է: