Դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր 2015թ. մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ նրա մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որը վարել է հղիության ընթացքը, եւ բժշկուհի Անի Բաբելյանը: Բժշկուհիները, սակայն, իրենց մեղավոր չեն ճանաչում ու գտնում են, որ պատշաճ բուժօգնություն են ցուցաբերել:
Բազմաօրգանային անբավարարությունից մահացած Մերի Մարգարյանի իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Մարինե Թովմասյանն իր ճառը սկսեց այն փաստով, որ մի ամբողջ ընտանիք է դժբախտացել. «Թվում է, թե ժամանակը սպիացրել է նրանց վերքը, բայց այդպես չէ: Նորաստեղծ ընտանիք դժբախտացավ. ծննդկանը մահացավ, նորածինը՝ կյանք չտեսավ: Ցավ չեմ ապրում այն փաստից, որ բժիշկներն այժմ ամբաստանյալի աթոռին են, որովհետեւ նրանք հավատարիմ չեն մնացել իրենց մասնագիտական երդմանը: Շուշանիկ Բախշյանը պարտավոր էր հոսպիտալացնել օրեր շարունակ ջերմող, թուլություն եւ փսխում ունեցող Մերի Մարգարյանին, բայց նա չի կատարել այդ անհրաժեշտ պարտականությունը, անտարբերության է մատնել իրենից մասնագիտական օգնություն ակնկալող հղիին, ինչը հանգեցրել է վերջինիս եւ նրա նորածնի մահվանը»:
Մարինե Թովմասյանը նշեց, որ ըստ բժշկական հետազոտությունների փաստաթղթերի՝ Մերի Մարգարյանն անբուժելի հիվանդություն չի ունեցել. «Եթե անգամ ունենար, բժիշկը պարտավոր էր օգնություն ցուցաբերել, ինչպես դա արվել է «Էրեբունի» ԲԿ-ում»:
Փաստաբանը հիշեցրեց՝ Մերի Մարգարյանին «Շենգավիթ» ԲԿ-ից ուղարկել են «Էրեբունի» ԲԿ՝ պատճառաբանելով, թե այդ բուժհաստատությունը բազմաֆունկցիոնալ է, սակայն Մարինե Թովմասյանը համոզված է՝ այդպես են արել, որովհետեւ ենթադրել են, որ չեն կարողանա Մերիի հետվիրահատական ընթացը կարգավորել. «Ասածս հիմնավորում է այն, որ ըստ Առողջապահության նախարարության համապատասխան չափանիշների՝ «Շենգավիթ» ԲԿ-ն եւս համարվում է երրորդ կարգի, այսինքն՝ բազմաֆունկցիոնալ բուժկենտրոն: Ուստի պտղին պետք էր դուրս բերել կեսարյան հատման միջոցով, ինչը չի արվել, իսկ մորը՝ համապատասխան հետվիրահատական բուժում նշանակել»:
Մարինե Թովմասյանը նկատեց՝ ըստ Շուշանիկ Բախշյանի հավաստիացումների՝ Մերի Մարգարյանի պտուղը խնդիր չի ունեցել, սրտի բաբախը նորմայի մեջ է եղել, սակայն «Էրեբունի» ԲԿ-ում 40 րոպե անց ախտորոշվել է, որ պտուղը բաբախ չունի, իսկ նրա գլխուղեղն ամբողջությամբ ախտահարված է. «Ախտահարումը սկսվել է մորից, մինչդեռ «Շենգավիթ» ԲԿ-ում չեն կանխել դրա զարգացումը: Մերի Մարգարյանն ու իր հարազատները միայն երկու ժամ անորոշ սպասել են լյարդաբանի գալուն, որն այդպես էլ չի եկել: Հետագայում գալով՝ անհասկանալի ախտորոշում է տվել, որն անգամ փորձագետները չկարողացան վերծանել»:
Հավելենք, որ ամբաստանյալ-բժիշկների պաշտպանական ճառերը կլսվեն առաջիկա նիստերում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ