ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ:
ՀՀ արդարադատության նախարարությունը, քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս, առանձնակի կարևորություն է տալիս խոցելի խմբերի, մասնավորապես, անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ուսումնասիրությանն ու դրանց լուծման ուղիների վերհանմանը: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով որպես հրամայական ևս առանձնացվում է ըստ առաջնահերթության ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումը:
Վերը նշվածով պայմանավորված՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը հաշմանդամություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում իրականացրել է կարիքների գնահատման հարցում և այդ արդյունքների հիման վրա նրանց տրամադրել անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ:
Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ապահովմանն ուղղված խնդիրների լուծումը մշտապես գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, իսկ այս միջոցառումը կրելու է շարունակական բնույթ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն