Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն անդրադարձավ կառավարության այն որոշմանը, որով կառավարության ամառանոցի առանձնատունը սեփականության իրավունքով հանձնում են պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին. «Սա անընդունելի է, եթե չասեմ, որ անարդար է, եթե չասեմ էգոիստություն է: Բացառում եմ, որ այս որոշման նախագիծը համաձայնեցված չի եղել Սերժ Սարգսյանի հետ կամ հենց իր հանձնարարությունը չի եղել: Կարծում եմ, այն ավանդույթը, որը ձեւավորվել էր ՀՀ-ում դեռեւս խորհրդային տարիներից, որ այս ամառանոցում բնակվում են պաշտոնատար անձինք, չի կարելի փոխել»:
Զեյնալյանն ասաց, որ եթե այսօր չի թույլատրվում ԱԺ շենքի պատուհանները փոխել, դա նորմալ է, պետք է պահպանել հինը. «Որեւէ կերպ չի կարելի թույլ տալ, որ այդ առանձնատունը եւ այդ տարածքի որեւէ առանձնատուն հանձնվի սեփականության իրավունքով որեւէ մեկին: Ես ընդունում եմ, որ երաշխիքների մեջ պետք է լինի, որ պաշտոնաթող նախագահը ստանա բնակարան պետությունից, բայց ոչ դա: Ես կոչ եմ անում, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի այդ առանձնատնից, քանի դեռ որոշումն անվավեր չի ճանաչվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ