Մեր տեղեկություններով` ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատողները բացահայտել են Նոյեմբերյան քաղաքում «Լվա ինքդ» համակարգով աշխատող ավտոլվացման կետի դրամարկղը թալանած անձի ինքնությունը: Վերջինս շուրջ 100 հազար դրամ է գողացել, ավելի քան 20 օր դրամարկղը չէր դատարկվել: Գողության մեջ կասկածվողը զինծառայող է, ավագ լեյտենանտ, նա Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի բնակիչ է:
Ոստիկանները հետազոտել են տեսախցիկի տեսագրությունը, որտեղ երեւում է գողություն կատարած անձի պատկերը: Սպայի կատարած գողության մասին նրա հրամանատարությունն իրազեկվել է: Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, որպեսզի քրեական գործ հարուցվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ