Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ամեն մի նախագահի օրոք յուրովի հետընթաց է գրանցվել մամուլի ազատության ոլորտում». Աշոտ Մելիքյան

Ապրիլ 10,2018 16:59

«ՀՀ ամեն մի նախագահի օրոք յուրովի հետընթաց է գրանցվել մամուլի ազատության ոլորտում»,- «Հոդված 3» ակումբում «Մամուլը, խոսքի ազատությունը և Սերժ Սարգսյանի 10 տարիները» թեմայով կազմակերպված քննարկմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր նախագահ էլ իր պաշտոնավարման տարիներին փորձել է ներկայացնել, թե առաջընթաց է գրանցել. «Եթե հետադարձ հայացք նետենք 1990-ականների կեսերին, ապա հնարավոր չէ չվերհիշել, թե այդ ազատության պայմաններից հետո ինչպես իշխանությունները որոշեցին ճնշել ընդդիմադիր դաշնակցական մամուլը: Եթե մենք վերհիշենք Քոչարյանի նախագահության տարիները, չենք կարող չհիշել, թե ինչպես 2002-ին Ա1+-ը եթերազրկվեց քաղաքական պատճառներով»:

Դառնալով Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ պարոն Մելիքյանն ասաց. «Կարծում եմ՝ որևէ նախագահ չի արտաբերել այնպիսին բառեր, ինչպիսին արտաբերել է Սերժ Սարգսյանը: Հիշում եք, երբ նա հարցրեց՝ ո՞վ է հրավիրել այս լրատվամիջոցների խմբին, նրանք մեզ խանգարում են: Երբ երկրի նախագահը նման արտահայտություն է անում, բնական է՝ իր թիմն ու շրջապատն էլ ավելի խիստ միջոցներ են ձեռնարկում, որ սահմանափակեն լրատվամիջոցների գործունեությունը»:

Պարոն Մելիքյանը հիշեց նաև «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ լրագրողների նկատմամբ կատարվածը: Միակ դրական առաջընթացը, որ պարոն Մելիքյանն արձանագրեց, այն էր, որ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ առցանց ԶԼՄ-ները սրընթաց զարգացում ապրեցին:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը, հիշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները, նշեց. «Քոչարյանի ժամանակ բացի Ա1+-ի փակումից տեղի են ունեցել նաև բռնություններ լրագրողների նկատմամբ՝ տեսախցիկներ կոտրել և այլն: Բռնություններ միշտ էլ եղել են, համեմատաբար Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին՝ 2008-2015-ը, ավելի քիչ են եղել ֆիզիկական բռնությունները: Իմ կարծիքով՝ ՀՀ-ում մեդիայի ազատության գլխավոր խնդիրը ֆիզիկական բռնությունները չեն, այլ մեդիա վերահսկումն է: Անգամ ունեցել ենք ժամանակահատվածներ, երբ վերահսկողությունը սահմանից վեր է եղել»:

Պարոն Վարդանյանը մտահոգություն հայտնեց, թե ազատ, ուժեղ ԶԼՄ ստեղծելու համար անհրաժեշտ հիմքեր մեր երկրում չեն ձևավորվում:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ պարոն Վարդանյանն ասաց. «Սերժ Սարգսյանը սկզբում փորձում էր ավելի բաց աշխատել. մեկ ավելի լայն մամուլի ասուլիս եղավ, քանի որ մարտի 1-ից հետո եղած բացական ֆոնը փորձում էր մեղմել: Սակայն գնալով ասուլիսների թիվը նվազեց, ասուլիսները դարձան մամուլի ներկայացուցիչների, ընտրված լրատվամիջոցների կամ խմբագիրների հետ հանդիպումներ: Վերջին տարիների ընթացքում այն կարևոր հարցերը, որոնց մասին կարծիք ցանկալի էր լսել նախագահից, այդ պատասխանները հնչում էին ոչ թե նախագահի, այլ ՀՀԿ-ական այլ պաշտոնյաների շուրթերից: Հանդիպումների ձևաչափը դարձավ հարցազրույցը»:

Հարցին՝ ինչո՞վ է Սերժ Սարգսյանը տարբերվել Ռոբերտ Քոչարյանից, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Տարբերություններն ինչ էլ որ լինեն, սահմանափակումները նույնն են մնում: Անկախությունից հետո մինչև 1990-ականների վերջ, երբ համարվում էր տպագիր մամուլի զարգացման ոսկե կամ արծաթե դար լրագրության համար, երբ բուռն կերպով զարգացում էր ապրում տպագիր մամուլը, ցանկացած ոք կարող էր ԶԼՄ բացել, բայց իշխանությունները պատրաստ չէին աշխատել այդ ժողովրդավարության, խոսքի ազատության պայմաններում և շատ արագ հասկացան ու սեղմեցին այդ օղակը: Այն, ինչ կատարվեց դաշնակցական մամուլի հետ, դա դաս էր բոլորի համար: Նման դասեր բոլոր երեք նախագահների օրոք եղել են: Քոչարյանի օրոք Ա1+ի եթերազրկումը դաս էր մյուսների համար, որ եթե դոզայից ավելի եղավ ազդեցությունը, նույն ճակատագրին են արժանանալու»:

Հարցին՝ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած քանի՞ անձ է հայտնվել ճաղերի հետևում Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Լրագրողների նկատմամբ խախտումներն ու սահմանափակումներն ավելի շատ են, քան դրանց համար պատասխանատվության ենթարկված անձինք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30