Քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի (լուսանկարում) և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր լարված մթնոլորտում է անցնում: Վկաները հստակ տեղեկություններ չեն հայտնում դեպքի մանրամասների վերաբերյալ, ինչը հունից հանում է մեղադրող-դատախազներին եւ դատավորին:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Նրանց սպանության համար մեղադրվում են Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» անունով:
Ըստ մեղադրանքի՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով նաեւ Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը, ապա Պետրոս Իսրայելյանը եւ Գևորգ Ավետիսյանը սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի միջոցով Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել: Նա էլ ի պատասխան ատրճանակով կրակոցներ է արձակել. մահացել է Գևորգ Ավետիսյանը, ծանր վիրավորվել՝ Արամ Պետրոսյանը (որը Պետրոս Իսրայելյանի՝ «Չարբախցի Գեղամի» շրջապատից է):
Վերջինս այսօր լրացուցիչ հարցաքննվեց: Նախ, երբ դատավորը ճշտում էր նրա ինքնությունը, Արամ Պետրոսյանը հարցերից մեկը չլսեց ու ասաց. «Հա ջա՞ն»: Դատավոր Նելլի Բաղդասարյանը բարկացավ. «Սա դատարան է, թատրոն չի, դիմեք «հարգելի դատարան»-ով»:
Ապա մեղադրող դատախազները հարցրին՝ «Պետրոս Իսրայելյանը «Բդոյին» հեռախոսով ասում է, որ Բդո ջան, մորթեցինք, մեր կողմից հինգ հոգի խփել ենք…Դուք նման բան տեսե՞լ եք»:
Վկա Արամ Պետրոսյանը պատասխանեց. «Սուտ է ասում, չափազանցնում է, ոչ մեկը չի մորթվել»: Դատախազները զարմացան, որ Պետրոս Իսրայելյանի համախոհը նրա իսկ ասածները սուտ է որակում:
Միջադեպի վերաբերյալ Արամ Պետրոսյանը հայտնեց, որ Մուշեղ Մուշեղյանը կանգնած վիճակում է կրակել, ոչ թե ընկած, բայց հետո բան չի հիշում, որովհետեւ ուշագնաց է եղել (հրազենային վնասվածք է ստացել): Դատախազների հարցերից մեկը չլսելով՝ Արամ Պետրոսյանը կրկին նետեց. «Հա ջա՞ն»: Դատավորը կրկին նկատողություն արեց, դահլիճում ներկա ամբաստանյալների հարազատներն էլ ծիծաղում էին:
«Ուրեմն ուշադիր լսի՜, որ հասկանաս»,-ձայնը բարձրացրեց դատախազ Արգիշտի Քյարամյանը, ինչի պատճառով դատավորը նրան էլ նկատողություն արեց: «Իրավիճակային լուծում է եւ պետք չէ ինձ սաստել»,-հակառակվեց դատախազը ու վկային կրկին «դու»-ով դիմեց:
Դատավորն էլ բղավեց. «Ի՞նչ իրավունքով եք դատարանին դիտողություն անում, մի վիրավորեք իրար»: Այս գործով հաջորդ նիստը կլինի ապրիլի 19-ին՝ 14:30-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային