«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որպես Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, այսօր հարակից զեկուցող էր ԵՄ համաձայնագրի քննարկման ժամանակ:
Նա ԱԺ ամբիոնին մոտենալով՝ իր ամփոփիչ ելույթում ասաց, որ այլ տեքստ էր պատրաստել, բայց լսելով իշխանական թեւին՝ որոշել է փոխել տեքստը. «Այս համաձայնագրի ստորագրումը իշխանությունը ներկայացնում է՝ որպես մեծ զոհաբերություն, զիջում՝ արված ժողովրդին: Ընդհուպ մինչեւ զոհասեղանի վրա արված մատաղ: Ոչ, այդպես չէ, որքան ԵՄ-ին է դա անհրաժեշտ, այդքան անհրաժեշտ է ՀՀ-ին»:
Նա ասաց, որ կա՛մ ամեն ինչ կավարտվի համաձայնագրի ստորագրմամբ եւ որեւէ փոփոխություն չի լինի, կա՛մ իշխանությունը պիտի այս համաձայնագիրը կատարելով՝ գնա սեփական ողնաշարը ջարդելու ճանապարհով: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իշխանությունը բոլոր ոլորտներում պիտի կարողանա գնալ արմատական փոփոխությունների՝ դատական կոռուպցիոն համակարգը ջարդի, տնտեսական մենաշնորհները վերացնի եւ այլն:
Ըստ Զոհրաբյանի, իշխանական պատգամավորները սա ներկայացնում են՝ որպես հերոսամարտ, բայց սա նվազագույնն է, որ պիտի անի խորհրդարանը, ամենագլխավորը սկսելու է վավերացումից հետո:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կոշտ արձագանքելով Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց, որ սեփական տեսակետը չշփոթի հանձնաժողովի անունից եզրափակիչ ելույթի հետ. «Եթե խոսում ենք եվրոպական մտածելակերպի մասին, սկսենք ինքներս մեզանից, օրինակ, հարգարժան ընդդիմադիրներ, ձայն չբարձրացնենք այս ամբիոնից, այն էլ՝ անիմաստ ու հանիրավի տեղը: Սա կարեւոր է, որովհետեւ Եվրոպան սկսում եւ ավարտվում է ոչ թե քարտեզով, այլ մտածելակերպով»:
Ինչ վերաբերում է ողնաշար կոտրելուն՝ Աշոտյանն ասաց. «Ողնաշարներ կարող են կոտրվել ցանկացած շինարարության ժամանակ, այդ թվում նաեւ պետական շինարարության: Այդ ողնաշարները կարող են լինել տարբեր, հետեւաբար պատրաստ լինենք տարբեր զոհաբերությունների՝ հանուն այն պետական շինարարության, որ ամրագրված է այս համաձայնագրով: Կկոտրենք ողնաշարներ, չասեմ ում, ով կխանգարի: Կարծում եմ, դա ամենաճիշտ մոտեցումն է եւ ինչը որ կխանգարի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ