Դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն էր:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Նրանց սպանության համար մեղադրվում են Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» անունով:
Ըստ մեղադրանքի՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով նաեւ Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը, ապա Պետրոս Իսրայելյանը եւ Գևորգ Ավետիսյանը սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի միջոցով Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել: Նա էլ ի պատասխան ատրճանակով կրակոցներ է արձակել. մահացել է Գևորգ Ավետիսյանը, ծանր վիրավորվել՝ Արամ Պետրոսյանը:
Այսօր որպես վկա լրացուցիչ հարցաքննվեց «չարբախցի Գեղամի»՝ Պետրոս Իսրայելյանի հարեւանը՝ Արտակ Նազարյանը, որը միջադեպի օրը կարճ ժամանակով եղել է գեղեցկության սրահում:
Մեղադրող-դատախազները հարցրին՝ «Արամ Պետրոսյանն (վիրավորվել է հրազենից) իր ցուցմունքում հայտնել է, թե Մուշեղ Մուշեղյանը վազել է դեպի շքամուտքի դուռը, որը փակ է եղել, փորձել է բացել, իսկ Գեւորգ Ավետիսյանը վազել է նրա հետեւից, ապա Մուշեղյանի վրա Գեւորգի եւ այլ կողմից հարվածներ են տեղացել: Դուք նման բան տեսե՞լ եք»: Վկան բացասական պատասխան տվեց:
Ապա դատախազները հետաքրքրվեցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի այն մասին, որ Պետրոս Իսրայելյանն է հրազենով վիրավորել Արամ Պետրոսյանին: Վկան հստակեցրեց. «Այն պահին, երբ ես մտա, տեսա, որ Մուշեղը զենքը ձեռքին կանգնած՝ կրակում էր»:
Հետո մեղադրող դատախազները շարունակեցին. «Պետրոս Իսրայելյանը Արմեն Գասպարյանի հետ հեռախոսազրույցում ասում է՝ «Բդո ջան, ձեռ ու ոտ ջարդել են: Ինքն ընգած տեղից ա զենքով խփել»: Դուք ինչո՞ւ եք ասում, թե Մուշեղ Մուշեղյանը կանգնած վիճակում է կրակոցներ արձակել»: Վկան, սակայն, ասաց՝ չգիտի, թե ինչու է Պետրոս Իսրայելյանն այդպես ասել, ու պնդեց, որ նա ճշմարտախոս անձնավորություն է:
Մեկ այլ հարց հնչեց՝ «Պետրոս Իսրայելյանն Ալիկ Բանդուրյանին հեռախոսով ասել է՝ «ես դրան տվի, ու կաշը սկսվեց»: Իսկ դուք ասում եք, որ որպես միջադեպի մասնակիցներ Գեւորգ Ավետիսյանին ու Մուշեղ Մուշեղյանին եք միայն տեսել: Ինչպե՞ս կբացատրեք դա»: Արտակ Նազարյանը պատասխանեց, որ միայն նրանց է տեսել՝ կարճ ժամանակով:
Մյուս դիտարկումն այսպես էր հնչում՝ «Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին հեռախոսով ասել է՝ «էտի (Մուշեղ Մուշեղյանը) մեռած ա, կարանք դուխով վրեն գրել տանք աջ ու ձախ»: Այս մասին եւս վկան տեղեկություններ չուներ: Նա չէր լսել նաեւ այն մասին, որ Պետրոս Իսրայելյանը Բանդուրյանին հայտնում է, որ դանակով հարվածել են Մուշեղ Մուշեղյանին:
Մեկ այլ վկա Արման Հարությունյանն էլ լրացուցիչ հարցաքննության ժամանակ հայտնեց, որ Գեւորգ Ավետիսյանի ձեռքին է դանակ տեսել. «Երբ Մուշեղը զենքը հանեց, Գեւորգի հետ «գրկախառնվեցին», հետո հարվածներ եղան»:
Մի պահ Արման Հարությունյանը պաշտպաններից մեկի հարցին պատասխանեց, ապա նույն հարցը կրկնեց դատախազ Գեւորգ Գեւորգյանը, ինչից հետո վկան նետեց. «Դե տիկինը հարցրեց, արդեն պատասխանեցի»: Դատավորն էլ բարկացավ՝ կարծելով, թե իրեն «տիկին» անվանեց, ապա կրկին զգուշացրեց, որ դատարանին պետք է դիմել «հարգելի դատարան»-ով:
Այս վկայի հարցաքննությունը լարված մթնոլորտում անցավ, քանի որ նա անմիջական էր խոսում, ինչը զայրացնում էր դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Ի դեպ, մահացած Գեւորգ Ավետիսյանի մասին հարց հնչեցնելուց դատախազ Քյարամյանը վերջինիս «մեռել» անվանեց, դատավորն էլ հորդորեց հարգալից խոսել հանգուցյալի մասին: «Հանգուցյալը եւ մեռելը նույն բանն է, հարգելի դատարան»,-ժպտալով ասաց դատախազը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(լուսանկարում՝ ավտոմեքենան, որով վիրավոր Գեւորգ Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց)