Խորհրդարանում ԵՄ համաձայնագրի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ հեշտ չէր կամ-կամ-ի քաղաքականությունից անցնել եւ-եւ-ի քաղաքականության, բայց այդ կամ-կամ-ը մերը չէր, ԵՄ-ի գործընկերների մոտեցում էր: Հետո հասկացան, որ ճիշտ չէին. «Առաջ հարցը դնում էին՝ եթե դու իմ հետ չես՝ իմ դեմ ես: Այս մոտեցումն է փոխվել»:
Նա ասաց, որ Հայաստանը ցույց տվեց, որ աշխարհը փոխվել է եւ այլեւս այդ բանաձեւերով առաջ շարժվել չես կարող ու շատ լավ է, որ ԵՄ-ն իր արժեհամակարգին համահունչ՝ այդ մոտեցումներից հրաժարվեց: Ըստ Ռուստամյանի, եվրոպական արժեհամակարգը մենք յուրացրել ենք, որովհետեւ հենց այդ արժեհամակարգի համար մերժելի է «եթե դու ինձ հետ չես, իմ դեմ ես սկզբունքը». «Եվրոպական գործընկերները շատ լավ տեսան, որ Հայաստանը, անկախ նրանից, որ իր առջեւ դրեցին կամ-կամ, ամբողջապես հավատարիմ մնաց այդ արժեհամակարգին: Մենք ընդունեցինք Սահմանադրություն՝ եվրոպական պառլամենտարիզմի ոգով: Սա չէր կարող աննկատ մնալ: Այս համաձայնագիրը շատ կարեւոր է, եւ մենք շատ հասունացած ենք գնում սրան, որովհետեւ ես տեսել եմ ինչպես ենք մենք եվրաինտեգրումն անցել: Մեզ այն ժամանակ դիտում էին աշակերտներ, պարտավորություններ էին դնում, կանչում՝ մատ էին թափ տալիս: Հիմա շատ ավելի հավասարը հավասարի գործընկերային հարաբերություններ են ձեւավորվում, որը մեր ամենակարեւոր ձեռքբերումն է»:
Նա ասաց, որ համաձայնագիրը ցույց տվեց, որ ՀՀ-ն, լինելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, կարողանում է ինքնուրույն քաղաքականություն վարել եւ սրանից է, որ մեր հարեւանները ցնցումերի մեջ են ընկել;
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ