Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կայացել է Վրաստանի VIII պարային օլիմպիադան, որի մասնակիցների թվում է եղել նաեւ Հայաստանը:
Մեր երկիրը «Ժողովրդական պար», «Հնդկական պար» եւ «Ակրոբատիկ պարեր» անվանակարգերում ներկայացրել է «Նոր դար» պարային համույթը՝ գեղարվեստական ղեկավարներ Մհեր Պետրոսյանի եւ Դոնա Բարեղամյանի գլխավորությամբ:
Մհեր Պետրոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հայաստանյան պատվիրակությունը ղեկավարել է IDO միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը: «Նոր դար» համույթի կազմում էր նաեւ ժողովրդական պարերի աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի գործող չեմպիոն 12-ամյա Գարիկ Պետրոսյանը:
«Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս հետաքրքիր դեպք եղավ: Մասնակիցների թվում նաեւ Ադրբեջանն էր: Օլիմպիադան սկսվեց նախատեսվածից կես ժամ ուշ: Մեզ տեղեկացրին, որ ուշացման պատճառը ադրբեջանական պատվիրակությունն է: Բանն այն էր, որ 2016թ.-ին «Նոր դարը» ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանական խմբի հանդեպ: Այս անգամ էլ, տեղեկանալով հայկական պատվիրակության ներկայության մասին, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը շտապ փոփոխություններ կատարեց իր պարողների կազմում»,-մեզ հետ զրույցում պատմեց պարուսույց Մհեր Պետրոսյանը:
«Տարիքային խմբեր ու անվանակարգեր փոխվեցին: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական պատվիրակությունը օլիմպիադայի մասնակցության որոշ հայցադիմումներ հետ է վերցրել»,-հավելեց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ «Նոր դարի» պարուհիները հիացրել են հանդիսատեսին եւ խստապահանջ մրցավարներին, այդ թվում՝ Ադրբեջանի-ներկայացուցիչ մրցավարին. «Մեր ներկայացրած 14 մենապարերը, 5 զուգապարերը գրավեցին առաջին պատվավոր տեղը, իսկ մեկ անվանակարգում՝ երկրորդ տեղը»:
Մհեր Պետրոսյանը հավելեց, որ առաջիկայում աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Պետրոսյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ժողովրդական պարերի աշխարհի XV առաջնությանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հիացրել է ինչպե՞ս… Դա գրեք: