Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոգդան Կալյուսկու դեմ հարուցված քրեական գործը բացարձակապես ապօրինություն է». Արթուր Սաքունց

Ապրիլ 10,2018 14:40

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտնի բլոգեր Բոգդան Կալյուսկու նկատմամբ քրեական հետապնդումը և կալանքը համարում է ապօրինի:

Հիշեցնենք՝ 2018-ի մարտի 27-ին Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկին (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) ժամանել է Հայաստան Կիև-Երևան PS 613 չվերթով՝ անցնելով և՛ Ուկրաինայի, և՛ Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերով: Բոգդան Կալյուսկին 2018-ի մարտի 30-ին՝ ժամը 15:30-ին, PS 614 չվերթով պետք է վերադառնար Կիև: Նա այդ օրը վերստին անցել է բոլոր ստուգումները և միայն թռիչքի սրահում նրան են մոտեցել ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցները և բերման ենթարկել թռիչքի սրահից՝ հայտնելով, որ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Կալյուսկու ձերբակալման որոշումը կայացվել է 2018-ի մարտի 31-ի առավոտյան 5:30-ին: Այսինքն՝ Կալյուսկին առնվազն 14 ժամ ապօրինի գտնվել է անազատության մեջ:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Սաքունցը նշեց, որ բլոգերի շուրջ ձևավորված իրավական խառնաշփոթը կարող է տարակուսանք առաջացնել. «Անձը երկու անգամ անձնագրային ստուգում է անցել՝ մուտք գործելու և դուրս գալու ժամանակ իր ուկրաինական անձնագրով, որով այլ երկրներ է այցելել, բայց ՀՀ իրավապահ մարմինների կողմից քրեական գործ է հարուցվում փաստաթղթերի կեղծման և սահմանն ապօրինի հատման հիմքով: Սա բոլորովին անհիմն է: Կալանքը նույնպես որևէ տրամաբանություն չունի»:

Պարոն Սաքունցը տեղեկացրեց՝ իր ձեռքին ունեցած փաստաթղթերի համաձայն՝ Բոգդան Կալյուսկուն ձերբակալել են ամսի 30-ի լուսադեմին: Այժմ նա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է:

Նա արդեն դիմել է Փախստականների գերագույն գլխավոր հանձնակատարի երևանյան գրասենյակ՝ ապաստանի հարցով: Դիմում է ուղարկվել ՄԻԵԴ՝ պահանջով, որ կասեցվի բոլգերի հնարավոր արտահանձնումը ՌԴ-ին ՀՀ իշխանությունների կողմից: Կայլուսկին դիմել է նաև մի շարք երկրների դեսպանատներին:

Պարոն Սաքունցն ամփոփեց. «Քրեական գործը, որ հարուցվել է Բոգդան Կալյուսկու դեմ, որևէ հիմնավորում չունի և բացարձակապես ապօրինություն է: ՀՀ-ն խախտում է նրա իրավունքները, ու եթե հանկարծ ՀՀ իշխանությունները փորձեն նրան արտահանձնել ՌԴ-ին, ապա ՀՀ-ն վերստին խախտած կլինի նրա իրավունքը»:

Արթուր Սաքունցի փոխանցմամբ՝ իրենք ոչ միայն պահանջում են իրավական ընթացակարգեր, այլ որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ազգային անվտանգության ծառայությունը դադարեցնեն Բոգդան Կալյուսկու նկատմամբ ապօրինությունները և սեփական նախաձեռնությամբ դադարեցնեն քրեական հետապնդումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30