Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի պատանդը չենք. Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 10,2018 14:17

Խորհրդարանում ԵՄ համաձայնագրի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Վաղը վստահաբար համաձայնագիրը կվավերացվի, բայց հետո մենք ունենալո՞ւ ենք քաղաքական կամք՝ այս համաձայնագրի բազմաթիվ դրույթներ կյանքի կոչելու համար, ես չգիտեմ: Եթե դուք գիտեք՝ ասեք: Ունենալո՞ւ է իշխանությունը քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ իրական, ոչ թե իմիտացիոն պայքար մղելու, ունենալո՞ւ է քաղաքական կամք՝ դատական համակարգում առկա խայտառակ կոռուպցիան, կոռուպցիոն ռիսկերը վերացնելու համար, ունենալո՞ւ է քաղաքական կամք՝ տնտեսական մենաշնորհների դեմ պայքարելու, որովհետեւ այս համաձայնագրով առաջարկվում են լրջագույն վիրահատական քայլեր: Անելո՞ւ է այդ քայլերը, որովհետեւ իմիտացիաների ժամանակն այսօր ավարտված է»:

Նա ասաց, որ եթե այս կամքը չի լինելու, ուրեմն այս համաձայնագիրը մնալու է ԵՄ-ի, ԱԳՆ-ի դարակում դրված՝ վրան կարմիր բանտիկ կապված:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հեգնեց, որ եթե քաղաքական կամքի հույսին ենք մնացել, մինչեւ անձրեւ գա՝ գորտի աչքերը դուրս կգան:

Նա խոսեց մաքսային, հարկային համակարգի տխուր իրավիճակի մասին՝ ասելով, որ «իմ ներդրող-քո ներդրող, ինչքան ատկատ կտաք» մոտեցումներով են գործում: Ու պետք չի համաձայնագրից էյֆորիայի մեջ ընկնել, ըստ Նաիրա Զոհրաբյանի: ՀՀ-ից մեծ խիզախություն է պահանջվում՝ համաձայնագրի դրույթներն իրականում կյանքի կոչելու համար, ԵՄ-ից էլ խիզախություն է պահանջվում՝ «սելեկտիվ»՝ ընտրողական վերաբերմունք ցույց չտալ՝ պահի թելադրանքով ու այս կամ այն երկրի հանդեպ սուբյեկտիվ որոշումներ կայացնելիս:

Վիզաների ազատականացման մասին խոսելիս Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ մեզ շատ հարազատ երկրներ լուրջ մտահոգություն ունեն, որ վիզաների ազատականացման դեպքում, այսինքն՝ 90 օր առանց վիզայի մուտքի արտոնություն տալու դեպքում, ինչպես կիրառվեց Մոլդովայի, Վրաստանի համար, կրկնվի պատմությունը: Ուկրաինայի, Վրաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, օգտվելով վիզայի ռեժիմի ազատականացումից, խախտել են ռեժիմի անհրաժեշտ սահմանը եւ չեն վերադարձել իրենց երկրներ. «Կարո՞ղ է այս պատմությունը կրկնվել Հայաստանի դեպքում: Իհարկե, կարող է: Բայց մենք պիտի հասկանանք նաեւ, որ առաջնորդվել կանխավարկածով, որ եղել է, ուրեմն պիտի խոչընդոտել եւ չսկսել վիզաների ազատականացման բանակցություններ, մենք ճիշտ մոտեցում չենք համարում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը Նաիրա Զոհրաբյանին հարցրեց՝ երբեմն ԵՄ-ի կողմից մեզ, որպես տնային առաջադրանք, մատուցվում են նախագծեր, որոնք հաճախ մեր արժեհամակարգի հետ խնդիրներ են առաջացնում: Խղճի ազատության մասին նախագիծն է շրջանառվում, Վենետիկի հանձնաժողովը վերջերս անդրադարձավ այդ նախագծին, ի՞նչ վերաբերմունք ունեք դուք: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք պիտի չառաջնորդվենք այն մտայնությամբ, որ մենք ԵԱՏՄ-ի, կամ ԵՄ-ի, կամ որեւէ այլ ինտեգրացիոն գործընթացի պատանդն ենք եւ համագործակցություն չի ենթադրում գերակա կամ ենթակա, երկու իրավահավասար սուբյեկտների համագործակցություն է: կարող է ԵՄ-ն իր օրակարգում ունենալ, ես համաձայն եմ ձեզ հետ, բազմաթիվ նախագծել՝ տնտեսական, քաղաքական եւ այլ, որը իրենց արժեհամակարգի համար միգուցե ընդունելի է: բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ որեւէ մեկը չի կարող ՀՀ խորհրդարանին, Հայաստանին պարտադրել ընդունել այն, ինչն անընդունելի կգտնենք: Կոնկրետ Խղճի ազատության այդ օրենքից տեղյակ եմ, Վենետիկի հանձնաժողովը բավականին խիստ, ջախջախիչ եզրակացություն է տվել այդ նախագծին»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԱԺ 3 հանձնաժողովներով այդ թեմայով լսումներ կանցկացնեն եւ բոլոր մտահոգիչ հարցերը կքննարկեն. «Հայ Առաքելական եկեղեցին պիտի միանշանակ լինի դոմինանտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30