Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Ղազարյան. «Պատերազմը շատ բան փոխեց իմ մեջ, հասկացա, որ պետք չէ հանձնվել, այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է»

Ապրիլ 10,2018 13:49

Վանաձորցի Շանթ Ղազարյանը, 22 ամսվա ծառայող էր, երբ տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմը: Այդ օրերին Շանթը Թալիշի սահմաններն էր հսկում: Պատերազմի մասին երիտասարդը խոսել չի սիրում: Ընդամենը մի քանի բառով է պատմում կատարվածը. «Մի քանի նախադասությամբ կասեմ…Մատաղիսում եւ Թալիշում եմ ծառայել: Ապրիլի մեկին հերթափոխը հանձնեցինք եւ իջանք դիրքերից: Այդ ժամանակ Թալիշ գյուղում էինք գտնվում: Երբ ամսի մեկի գիշերը սկսվեց ռմբակոծությունը գյուղի վրա, այդ օրը չկարողացանք բարձրանալ դիրքեր, գումարտակից չկարողացանք դուրս գալ: Արդեն առավոտյան նոր բարձրացանք: Դիրքեր ունեինք կորցրած, այդ մի քանի օրվա ընթացքում կարողացանք նաեւ մեր դիրքերը հետ բերել»:

Պատերազմի մասին խոսել չի սիրում, փոխարենը բանակում ձեռք բերած ընկերների մասին հպարտությամբ ու կարոտով է պատմում: Հիմա էլ՝ ծառայակից ընկերների հետ հանդիպում են, հիշում անցած օրերն ու ինչու չէ նաեւ կարոտում բանակը. «Ընկերների հետ շփումներն ու կապը միշտ կա: Բանակն ու պատերազմը միշտ ենք հիշում: Հիշողություններ մնացին՝ մի քիչ ուրախ, մի քիչ ցավոտ… Լավ հիշողություններ կան բանակի հետ կապված, որ կցանկանաս նորից այդ նույնն ապրես»:

Շատ հերոս տղաների նման Շանթն էլ այդ օրերին վիրավորվել է՝ կորցրել ոտքը: Ասում է` չի հուսահատվում, վստահեցնում է՝ հիմա իրեն լավ է զգում. «2 ամսից էլ քիչ էր մնացել, որ զորացրվեի: Բայց քառօրյայի ժամանակ աջ ոտքից վիրավորվեցի, եւ ոտքիս ստորին վերջույթը հեռացրեցին: Հոսպիտալում բուժումներ ստացա, որից հետո գնացի այլ հիվանդանոց, որտեղ էլ պրոթեզավորեցին: Հիմա ինձ հոյակապ եմ զգում»:

Ասում է քառօրյայից հետո իր կյանքում շատ բան է փոխվել: Հիմա ավելի հասուն է մտածում, խնդիրների առաջ չի կոտրվում, եւ միայն առաջ է շարժվում. «Քառօրյայից հետո հասկացա, որ այս կյանքում ինչի համար էլ ուժ գտնենք եւ պայքարենք, հաստատ կհասնենք նպատակին: Պատերազմը շատ բան փոխեց իմ մեջ, հասկացա, որ պետք չէ հանձնվել, այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, անհնարին ոչինչ չկա: Հիմա ամեն ինչին ավելի լուրջ վերաբերվելով եւ կոնկրետ նպատակ դնելով շարժվում եմ առաջ»:

Դպրոցն ավարտելուց հետո Շանթն անմիջապես զորակոչվել է բանակ: Բարձրագույն կրթություն ստանալու ժամանակ չի եղել, հայրենիքն է կանչել: Սակայն իր առջեւ նպատակ դրած երիտասարդը՝ ծառայությունն ավարտելուց հետո գնացել է նպատակներից մեկի հետեւից՝ քայլերն ուղղելով դեպի համալսարան: Այժմ Շանթը Երեւանում է ապրում՝ սովորում, միաժամանակ նաեւ աշխատում է. «Մինչեւ բանակ գնալն իմ առջեւ նպատակ էի դրել, որ բանակից վերադառնալուց հետո պետք է սովորեմ: Իսկ նպատակների համար պետք է պայքարել: Հիմա Տնտեսագիտական համալսարանում եմ սովորում, ֆինանսներ ֆակուլտետում, 2-րդ կուրսի ուսանող եմ: Հեռակա ուսուցում եմ ստանում, զուգահեռ նաեւ աշխատում եմ ՀԷՑ-ում, որպես ֆինանսիստ»,- ասում է Շանթը:

Հերոսը նաեւ շքանշանների է արժանացել: Ցանկությունը մեկն ՝խաղաղություն լինի, իսկ նման շքանշաններ այլեւս ոչ ոք չստանան. «Տիգրան Մեծ», «Հայրենյաց զինվոր» եւ ԵԿՄ-ի կողմից տրված շքանշան ունեմ: Դրանք ավելի են պարտավորեցնում: Հիմա միայն ուզում եմ, որ երկիրը խաղաղ լինի եւ մեր զինվորները բարով գան հասնեն իրենց հայրենի օջախները»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Շանթ Ղազարյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30