Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Բուրգի գլխին միշտ եղել է Սերժ Սարգսյանը»

Ապրիլ 10,2018 13:02

«Այո, անդրադարձել ենք նաեւ վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- երեկ հայտարարել  է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այսօր այդ առիթով լրագրողների հետ զրույցում, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց՝ բազմիցս ասել ենք, որ նման պայմաններում ճիշտ կլինի, որ վարչապետի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը. «Վաղը կլինի կուսակցության գործադիր մարմնի նիստ, մենք կքննարկենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու վերաբերյալ այդ առաջարկը»: Էթիկայի եւ կոռեկտության կանոններից ելնելով Էդուարդ Շարմազանովը գնահատականներ չհնչեցրեց Կարեն Կարապետյանի հայտարարության մասին: Միաժամանակ նկատեց՝ «Կարծում եմ, որ որեւէ մեկի համար դժվար չէ կանխորոշել, թե ինչ պետք է լինի»:

Լրագրողներից մեկը նկատեց, փաստորեն, անցած տարի կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն օգտագործեց Կարեն Կարապետյանին՝ ձայներ ստանալու համար: «Մի մտեք մատի ու մատանու արանքը»,- հորդորեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ պետք չէ ՀՀԿ-ին եւ Կարեն Կարապետյանին տարբեր տիրույթներում դիտարկել: «Կարեն Կարապետյանը մեր կուսակցության առանցքային գործիչներից մեկն է, եղել է ու կլինի: Մենք թիմային խաղացողներ ենք, մեր նպատակը անձնավորված չէ, մեր նպատակն է՝ ծառայել ՀՀ-ին»,- ասաց ԱԺ փոխխոսնակը՝ հիշեցնելով, որ Հայաստանն այլեւս խորհրդարանական կառավարման համակարգում է, որտեղ առաջնայինը քաղաքական թիմերի դերն է, իսկ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի փոխնախագահն է:

Ի դեպ, իշխող կուսակցությունում գոհ են Կարեն Կարապետյանի աշխատանքից: Այս համատեքստում հարց հնչեց՝ այդ դեպքում ինչո՞ւ նրան հնարավորություն չի տրվում՝ շարունակել իր գործունեությունը վարչապետի պաշտոնում, հատկապես, երբ ԱՎԾ տվյալներով նրա կառավարման ժամանակ տնտեսական աճ ու ակտիվություն է գրանցվել՝ 7 տոկոս: « Այս կառավարության քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կոալիցիան է: Այո, կառավարությունը դրական, լավ աշխատել է, արդյունքները տեսանելի են, դրանք արվել են քաղաքական մեծամասնության պառլամենտական լուրջ աջակցությամբ: Այդ ամենը չէր լինի առանց նախագահ Սերժ Սարգսյանի աջակցության: Այդ բուրգի գլխին միշտ եղել է Սերժ Սարգսյանը»:

Էդուարդ Շարմազանովը նաեւ շարունակեց. «Մենք չենք սահմանափակել, չենք փոքրացրել Կարեն Կարապետյանի լիազորությունները, նա պարզապես չի ունեցել այդ լիազորությունները, որոնք կունենա վարչապետը ապրիլի 17-ից: Նա չի ունեցել արտաքին գործերը, ուժային կառույցները, անվտանգության խորհուրդը ղեկավարելու իրավունք: Հեքիաթներ են, որ մենք Կարեն Կարապետյանի լիազորությունները սահմանափակում ենք: Խորհրդարանական համակարգում առաջամարտիկը եւ ղեկավարը լինելու է իշխող ուժի ղեկավարը»:

Իսկ որ վարչապետ Կարեն Կարապետյանը դարձավ փոփոխությունների խորհրդանիշ, Էդուարդ Շարմազանովը չի վիճարկում:

Նա հավանական համարեց, որ Կարեն Կարապետյանը կշարունակի իր գործունեությունը փոխվարչապետի պաշտոնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30