Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանում առաջ տանել իր քաղաքականությունը՝ միևնույն տրամաբանությունից ելնելով, համաձայն որի՝ Հայաստանում ռուսական դիվանագիտական աշխատանքի փոփոխություն չի ակնկալում, քանի որ հայ- ռուսական հարաբերությունները կողմերի համար գոհացուցիչ տեմպերով զարգանում են, սակայն դիվանագետը ԵՄ-ի հետ աշխատելու փորձ պետք է ունենա։
Նրա խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նախկինում են կարողացել հստակեցնել խնդիրներն ու լուծել դրանք, այնպես էլ շարունակելու են դա անել։ «Նորանշանակ դիվանագետի աշխատանքային փորձը Եվրամիությունում նշանակում է, որ Ռուսաստանը կարևորում է Հայաստանում դիվանագետի լավ աշխատանքը, իսկ Եվրամիությունում վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը պասիվ, անկարող դիվանագետ ունենալ չէր կարող։ Այս նշանակումը ցույց է տալիս, որ Հայաստանում Ռուսաստանին հարկավոր է եվրոպական անցուդարձը հասկացող դեսպան, քանի որ Հայաստանը Եվրամիությանն ընդառաջ քայլ է կատարել համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր համաձայնագիր ստորագրելով, վիզային ազատականացման բանակցություններ սկսելով։ Այս ամենը, բնականաբար, տեղի է ունեցել նաև Ռուսաստանի անուղղակի մասնակցությամբ, սակայն Ռուսաստանը կարևորում է, որ այսուհետ ևս Հայաստանում աշխատող ռուս դեսպանը նկատի ՀՀ-ԵՄ հարաբերությունների նրբությունները, որոնք գուցե անտեսվեն դիվանագետի կողմից, ով ԵՄ-ում աշխատանքի փորձ չունի»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը։
Վերջինիս համոզմամբ Վոլինկինի նշանակումը ևս այդ տրամաբանության շրջանակում էր։ Սակայն Ստանիսլավ Տարասովը նկատում է նաև, որ փոփոխությունը կատարվում է մի ժամանակաշրջանում, երբ ՌԴ պաշտոնյաները սկսում են ընդունել, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում որոշ սխալներ են թույլ տվել, որը վերաբերում է անվտանգության ոլորտին։ «Այդ մասին վերջին շրջանում երկու բարձրաստիճան ռուս խորհրդարանականներ խոսեցին։ Դրանք խնդիրներ են, որոնք առաջացել են վերջին մի քանի տարիների ընթացքում, և Ռուսաստանը գիտակցել է, որ այդ խնդիրները պետք է լուծվեն։ Այսինքն՝ բացի այն, որ նույն քաղաքականությունը շարունակվում է, կան նրբություններ, որոնք նոր դեսպանի նշանակմամբ պետք է փոխվեն, քանի որ ռուսական կողմը սխալվել է իր հաշվարկներում»,- ասել է Տարասովը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում