Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանն առանձնացնում է մի քանի բան, որն իրեն դուր եկավ երդմնակալության արարողության ժամանակ։
Նա Արմեն Սարգսյանի ելույթի մեջ, մասնավորապես, ընդգծում է այն պահը, երբ նա նշել է ՀՀ 3 նախագահների անունները։ «Կարծում եմ, որ սա քաղաքակրթական տեսանկյունից շատ ճիշտ մոտեցում է։ Նաեւ այն, որ ինքը Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը տեսավ քաղաքակրթական համաշխարհային զարգացող ընթացքների մեջ եւ Հայաստանը չառանձնացրեց, այլ համարեց, որ Հայաստանը եւս մի ժողովուրդ է, որը հավասարը հավասարի հետ պետք է ապրի այս աշխարհում։ Սա, կարծում եմ, եւս շատ կարեւոր է։ Մնացած բոլոր ուղերձներն էլ շատ ողջունելի են, բայց, կարծում եմ, շատ ավելի ողջունելի կլինի, երբ մենք դրանք հետագայում տեսնենք արդեն գործնական ոլորտում, թե ինչպես է այդ ամեն ինչն իրականանում։
Շատ կարեւոր մի հանգամանք կա, սա նաեւ որպես մանկավարժ եմ ասում, դա սեփական կեցվածքով, կրթական, ինտելեկտուալ մակարդակով հանդես գալն է, որովհետեւ գործնական լծակների պակասությունը, որոնց մասին անընդհատ խոսվում է, կարծում եմ՝ շատ հանգիստ կարող է փոխարինվել այդ անձնական օրինակով։ Կապրենք՝ կտեսնենք։
Ամեն դեպքում՝ տպավորությունս կոնկրետ ելույթից շատ դրական է, բայց ես ավելի շատ ուրախություն եմ ապրում, երբ տեսնում եմ գործնական քայլեր։ Հասկանում եմ նաեւ, որ դեռ շուտ է, Աստված տա, բոլոր այն ուղղությունները, որ այսօր հնչեցին, գործ դառնան»,- ասում է Բաբայանն ու նշում, որ մեկ ամիս առաջ Գյումրիում առիթ է ունեցել Արմեն Սարգսյանի հետ շփվել, լսել նրան, տեսնել նրա շփումները մարդկանց հետ․ «Ինչն է ինձ դուր գալիս․ որ նա տարբերություն չի դնում մարդկանց մեջ։ Սա ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ սա նշանակում է, որ նա կամուրջներ է ստեղծելու հասարակության տարբեր շերտերի մեջ։ Մենք կամուրջներ այրողներ շատ ունենք բոլոր կողմերից, իսկ կամուրջներ կառուցողները քիչ են։ Ես կառուցողների կողմնակիցներից եմ, եւ եթե առիթ լինի ինչ-որ բան օժանդակելու, մեծ հաճույքով պատրաստ եմ, որովհետեւ երկխոսությունից ավելի ճիշտ բան չկա։
Երբ համարում ես, որ միայն դու ես ճիշտ, դա փակուղի տանող ճանապարհ է, ճշմարտությունը ծնվում է միշտ վեճի մեջ։ Մենք հաճախակի «երկխոսություն» ասելով պատկերացնում ենք, որ երկու կողմն էլ խոսում է, իրականում երկխոսությունն այն է, որ երկու կողմն էլ կարողանում է լսել»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում