Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտնել է, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր տեմպ են ստացել վերջին 10 տարում՝ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին:
«Վերջին 10 տարում Ռուսաստանի և Հայաստանի նախագահների ջանքերով երկու երկրների միջև բարեկամությունն ու համագործակցությունը առաջընթաց են ապրել, ձեռք բերել նոր որակ ու տեմպ, համալրվել նոր եզրերով ու ասպեկտներով,- ասել է Սարգսյանը:- Ուշագրավ է, որ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմության ընթացքում առաջին պետական այցերը պետությունների ղեկավարների մակարդակով իրականացվել են հենց վերջին տասնամյակում»:
Ընդ որում, Արմեն Սարգսյանը նկատել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առանձնանում են «դաշնակցային, ռազմավարական բնույթով՝ իրենց մեջ ներառելով դինամիկ քաղաքական երկխոսության բոլոր մակարդակները, բեղուն համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական և մարդասիրական ոլորտներում»:
Նախագահը նաև կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԱՀԿ և ՄԱԿ շրջանակներում, ինչը, նրա խոսքով, էականորեն համալրում է հայ-ռուսական համագործակցության ողջ համալիրը: «Մեր հարաբերությունների զարգացման մեջ զգալի տեղ է հատկացվում նաև միջշրջանային համագործակցության ընդլայնմանը Հայաստանի մարզերի և ՌԴ սուբյեկտների միջև»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ ձեռք բերված հաջողությունների ամրապնդման համար լայն դաշտ ու մեծ ներուժ կա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ