«168 ժամի» թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովն ասաց, որ Սարգսյանի վարչապետության հարցն առանձնահատուկ կերպով, ամենայն հավանականությամբ, քննարկված չէ գերտերությունների հետ։ Ըստ նրա՝ Սարգսյանի այս ծրագրերը նոր չեն, դրանք վաղուց հայտնի էին հայաստանյան հասարակությանը և ՀՀ իշխանությունների օտարերկրյա գործընկերներին։ Ուստի, նրա հավաստիացմամբ, այդ ծրագրերն ընդունելի են, քանի որ Սարգսյանի անձն ընդունելի է կարծես բոլորի համար, քանի որ նրա վարած արտաքին քաղաքականությունն է ընդունելի։
Դուբնովի կարծիքով՝ Սարգսյանը բարեհաջող կերպով կստանձնի վարչապետությունն առաջադրվելու դեպքում, թեև ընդդիմադիր որոշ ուժեր փորձելու են դիմադրել։ «Խոշոր ցնցումներ Հայաստանում չեմ ակնկալում, քանի որ կարծում եմ, որ Սարգսյանի որոշումները համաձայնեցված են թե՛ դրսում, թե՛ ներսում, ուստի Սարգսյանի համար անակնկալներ չեն կարող լինել։ Ընդդիմադիր ուժերը Հայաստանում շատ ավելի լուրջ ներուժ են ունեցել նախկինում, բայց որևէ արդյունքի չեն հասել, ներկայումս արդյունքի մասին խոսելը շատ արհեստական է, քանի որ կատարվող ամեն ինչը համակարգային բնույթ է կրում։ Բոլոր հարցերը, թե՛ իշխանության ներսում, թե դրանից դուրս ընդդիմադիր շարքերում, կարծես թե լուծված են, մնում է սպասել առաջադրմանը և ընտրություններին»,- նման տեսակետ հայտնեց Վադիմ Դուբնովը։
Հարցին, թե այդ ուժերի կոնսոլիդացիայի դեպքում և՞ս դատապարտված են անհաջողության, Դուբնովը դրական պատասխանեց։ «Ինչպես ասացի, չեմ կարծում, որ սրանք շատ կտրված գործողություններ են, կարծում եմ՝ ռադիկալ քայլեր չեն լինի»,- ասաց նա։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում