Հարցազրույց քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ
–Նախագահ Սերժ Սարգսյանը միշտ համարվել է հանդուրժող ու քաղաքական երկխոսության կողմնակից գործիչ. նրա ղեկավարման 10 տարիներին երկրի ներքին դաշտում դա դրսեւորվե՞ց:
-Անշուշտ այդ երեւույթը հստակորեն երեւաց նախագահի ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ կառավարման ժամանակահատվածում: Մենք այսօր առանց վարանելու կարող ենք արձանագրել, որ Հայաստանում բազմակարծությունը, այլախոհությունը, խոսքի, մամուլի ազատությունն ու քաղաքական գործողությունների ազատությունը իրողություն են:
Սերժ Սարգսյանին, որպես քաղաքական երկխոսության կողմնակից գործչի, դա հաջողվեց ապահովել իր կառավարման ընթացքում:
Իհարկե, անցման շրջանում գտնվող, պառլամենտարիզմի երկարատեւ ավանդույթներ չունեցող երկրում, հասկանալի է, այդ ամենը չի կարող լինել այնպիսի բովանդակությամբ, ինչպիսին հարյուրամյակների խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրներում է։ Բայց այն, ինչ արվեց ու ձեռք բերվեց մեր անկախության վերջին 10 տարում, անկասկած երեւում է:
Հայաստանը դեռեւս պետք է անցնի ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործման երկարատեւ ուղի: Բայց այդ հիմքը դրված է. մեզ մոտ կա բազմակարծության սահմանադրորեն հաստատված համակարգ, որը հնարավորություն է տալիս ընդդիմությանը գործել ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ արտախորհրդարանական հարթակներում: Այնպես որ ճնշումներ, արգելքներ կամ այլ բռնի գործողություններ, որոնք կարող են խեղդել քաղաքական խոսքի ազատությունը, նախագահ Ս.Սարգսյանի կառավարման երկու շրջաններում չեն եղել:
–Մենք ականատես ենք նաեւ նոր որակի ընդդիմության` կառուցողական պայքարի կողմնակից ուժերի ձեւավորման։
-Լիովին համամիտ եմ ձեր տեսակետին: Առհասարակ ընդդիմությունն ընկնում է ծայրահեղության մեջ եւ խորհրդարանական պայքարի մեթոդները փոխարինում հեղափոխությամբ կամ այլ միջոցներով այն ժամանակ, երբ բացակայում է արտահայտվելու կամ քաղաքական խոսքը տեղ հասցնելու հնարավորությունը, մեխանիզմները: Մինչդեռ այս տարիներին ստեղծել ենք այդ մեխանիզմները` ներմուծելով ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական մշակույթի նոր տարրեր:
Բնականաբար սա հանգեցրել է լարվածության թուլացման: Ինչու դիմել ծայրահեղ քայլերի, երբ կա քաղաքական ազատ խոսքի, գործողությունների, հավաքների, խորհրդարանական ու արտախորհրդարանական հարթակներում ընդդիմադիր գործունեության ծավալման հնարավորություն: Կա նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցներ ունենալու, դրանք ազատորեն օգտագործելու հնարավորություն: Սա պարպում է քաղաքական լարվածությունը:
Պատկերացնենք, ընդդիմությունը որոշել է երթ անցկացնել, սակայն իշխանությունն արգելում է, պարզ չէ՞, որ անպայման փոխում է մթնոլորտը, լարվածություն մտցնում երկրում: Մինչդեռ տեսնում ենք, որ այս տարիներին քաղաքապետարանը ոչ մի հանրահավաք չի մերժել:
Այլ բան է, թե Ազատության հրապարակում ի՞նչ ելույթներ են հնչել կամ հնչում, դրանք որքանո՞վ են մոտ իրականությանը կամ որքանո՞վ են տրամաբանական ու կառուցողական։ Բայց փաստը, որ քաղաքական խոսքի ազատություն կա ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ դրանից դուրս, անհնար է ժխտել։
Եվ սա, իհարկե, իշխանության ու երկրի նախագահի վարած քաղաքականության անմիջական հետեւանք է:
Ա. Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում