«Իսկ դու ի՞նչ գիտես, որ ըտենց պայմանավորված չեն եղել: Հիմա ի՞նչ է եղել Կարեն Կարապետյանին, որ փոխվարչապետ աշխատավ: Ի՞նչ է փոխվելու Կարեն Կարապետյանի կյանքում, նույն բանը չի՞»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես խոսեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: Լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք չստացվեց, որ Կարեն Կարապետյանին կանչեցին, որպեսզի վարչապետ աշխատի, հետո նրան խաբեցին: Խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երեկ արած այն հայտարարության մասին էր, որ մեծամասնությունը որոշել է վարչապետի պաշտոնին առաջադրել Սերժ Սարգսյանին:
«Դե տեսնում եք, որ հայ ազգի մեջ ըտենց լավ մարդիկ էլ կան, որ պաշտոնն իրենց պետք չի, կարևորն ազգի համար լավ բան անեն»,- հավելեց Սեյրան Սարոյանը:
Լրագրողները կրկին հիշեցրին Սերժ Սարգսյանի նախկին խոստումը, որ չի հավակնելու ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոններին: Սեյրան Սարոյանն ասաց. «Էսի գողական ռազբորկա չի: Խաբելս ո՞րն է: Քաղաքականություն է փոխվել, տեսեք՝ ամբողջ աշխարհում ինչ է փոխվել»:
Լրագրողներից մեկը նկատեց՝ Սերժ Սարգսյանը միգուցե չի ցանկանում, ինչո՞ւ են բռնանում նրա կամքին եւ, ի վերջո, նա կարող է չենթարկվել: Սեյրան Սարոյանը հակադարձեց. «Երբ որ ժողովրդի պահանջ կա, կուսակցության պահանջ կա, բոլոր կուսակցականները կարան կուսակցությանը ենթարկվեն, Սերժ Սարգսյանը կարա չենթարկվի»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրության դեմ սկսած պայքարից: Հիշեցնենք, որ նախաձեռնության հեղինակները նախատեսում են նաեւ ԱԺ շենքը շրջափակել: Սեյրան Սարոյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանի եւ իր հետ պայքարողների մոտ ոչինչ էլ չի ստացվի: Ասում է՝ ժողովուրդը նրանց կողքը չի կանգնի: «Մեկ-մեկ ընկնում եք երազանքների գիրկը, այ տնաշեններ: Ասենք եկան փակեցին, ո՞վ է «վլաստի» գալու, Նիկո՞լը՚,-հեգնեց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ