Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է որակապես փոխվեն ՀՀԿ ղեկավար մարմինները, որոնք մի ձեռքով որոշում են կայացնում, իսկ մյուսով օրենքի ուժ տալիս դրանց. «Հրապարակ»

Ապրիլ 10,2018 11:17

«Միանձնյա ղեկավարի» սինդրոմից Սերժ Սարգսյանին եւ մեր հաջորդ վարչապետներին ազատելու համար պետք է ունենալ միանգամայն նոր խորհրդարան` նոր որակի կայուն մեծամասնությամբ, որի ձեւավորման համար անչափ կարեւոր են լինելու 2022 թվականից սկսած բոլոր ԱԺ ընտրությունները: Անիմաստ է հաջողություն եւ նորմալ աշխատանք ակնկալել մի խորհրդարանից, որի աթոռների կեսից ավելին` ընդհուպ երկու երրորդը զբաղեցնում են մեկ մարդու հայեցողությամբ կազմված ցուցակի ներկայացուցիչները, որոնք ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող դեմ գնալ կամ դեմ քվեարկել այդ մարդու միանձնյա որոշումներին:

Ահա թե ինչու է պետք արդեն այսօրվանից մեծ աշխատանք տանել ընտրողի հետ, խոսել, բացատրել իրավիճակի լրջությունը, քաղաքական ծրագիր ներկայացնել նրան, համոզել, որ միայն ծրագրերի միջեւ ընտրություն կատարելով նա վաղն ավելի լավ երկիր ու ավելի բարեկեցիկ կյանք կունենա: Սա կուսակցությունների խնդիրն է, որոնց մեծ մասն այսօր, ցավոք, կա՛մ նիրհի մեջ է, կա՛մ կատարում է քայլեր, որոնք հռետորաբանությունից այն կողմ չեն անցնում եւ ի զորու չեն նույնիսկ որեւէ փոփոխության պատրանք առաջացնել հասարակության մեջ:

Հուսանք, որ փոփոխությունների կամք կդրսեւորի նաեւ օրվա իշխող կուսակցությունը, որն իր տրամադրության տակ հսկա ժամանակ է ունեցել՝ համոզվելու համար, որ միահեծան իշխանությունը դեպի լավ տեղ տանող ճանապարհ չէ, համերաշխության, հաղթանակների ճանապարհ չէ: Կառավարման նոր կարգի անցման հետ ավարտվում է ուռա հայրենասիրությունը, այլեւս ոչ մի թվանկարչություն` զարգացման ու առաջընթացի ցուցանիշներում: Շրջանառությունից պետք է հանվի «լավ ու վատ վարչապետ» հասկացությունը: Կա լավ, կարող, աշխատող կառավարություն եւ կա խայտառակ, ապաշնորհ, անգործունյա կառավարություն: Առաջինին՝ փառք ու պատիվ, երկարատեւ աշխատանք, երկրորդին` հրաժարականի պարտադրանք:

Լավ կլինի, եթե Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնն զբաղեցնելուն պես հրաժարվի կուսակցության նախագահի իր պաշտոնից կամ, առնվազն, սառեցնի կուսակցական գործունեությունը` դառնալով հաշվետու սեփական կուսակցությանն ու խորհրդարանական մեծամասնությանը: Պետք է որակապես փոխվեն ՀՀԿ ղեկավար մարմինները, որտեղ նստած են այսօրվա ԱԺ պատգամավորներն ու կառավարության անդամները, որոնք մի ձեռքով որոշում են կայացնում, իսկ մյուսով օրենքի ուժ տալիս դրանց:

Նույնը վերաբերում է նաեւ խորհրդարանական ընդդիմությանը, որի կուսակցական լիդերները շարունակում են ամուր կառչած մնալ իրենց մանդատներից եւ այդ մանդատներով նույնիսկ իշխանությունների հետ ձեւավորած հարաբերություններով վերահսկել սեփական կուսակցությունների գործունեությունը: ԲՀԿ-ն ընդդիմություն է այնքանով, որքանով ընդդիմություն են Գագիկ Ծառուկյանն ու վերջերս ընտրված խորհուրդը` Նաիրա Զոհրաբյանի եւ Միքայել Մելքումյանի մասնակցությամբ, «Ելքն» ընդդիմություն է այնքանով, որքանով ընդդիմություն են Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը: Դե դու պահանջիր կամ, ավելի շուտ՝ երազիր, որ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը կամ Արամ Սարգսյանը վաղը հաշիվ են տալու սեփական կուսակցություններին` իրենց արած-չարածի կամ ԱԺ ՀՀԿ-ական «ախպերների» հետ տված-առածի մասին: Այս քաղաքական ինքնախաբեությանը պետք է վերջ դրվի, որպեսզի հետագայում մանդատ կամ կառավարական պորտֆել ստացողը հստակ իմանա, որ ամեն ինչից զատ հաշվետու է առաջին հերթին իր քաղաքական թիմին, որին ընտրողը վստահել է ներկայություն ունենալ օրենսդիր մարմնում եւ կառավարությունում:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30