Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբուխանյանը հետաքրքրվում է՝ ԵՄ համաձայնագիրը մեր ավանդական արժեքներին չի՞ վնասի

Ապրիլ 10,2018 11:01

ԱԺ- ում քննարկվում է 2017-ի նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը, որը երեկ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ արտաքին հարաբերությունների եւ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը փոխարտգործնախարար Կարեն Նազարյանին մի շարք հարցեր ուղղեց՝ համաձայնագրի հետ կապված: Նա նախ հետաքրքրվեց՝ իրենց ձեռքի տակ եղածը պաշտոնակա՞ն թարգմանություն է: Հետո նա հարցրեց՝ «Եթե նոր ատոմակայանը կառուցի, ասենք թե, ՌԴ-ն, չի՞ հակասի այն պարտավորություններին, որը ստանձնել ենք այս պայմանագրով: Մաքսային ծառայությունների՝ արտահանման կամ ստացման խնդիրները չե՞ն հակասում մեր ստանձնած պարտավորություններին՝ ԵԱՏՄ շրջանակներում: Մեր ստանձնվող նոր պարտավորությունները որեւէ կերպ չե՞ն խախտում մեր ազգային արժեհամակարգը: Հետո՝ մանրամասները, որ ներկայացված են հավելվածում, ասենք՝ քաղաքային ավտոբուսում քանի տեղ պետք է լինի, ի՞նչ նպատակ կար այդքան մանրամասնել համաձայնագրի հավելվածները»:

Կարեն Նազարյանը վստահեցրեց, որ որեւէ դրույթ չի հակասում մեր ստանձնած այլ պարտավորություններին՝ ինտեգրացիոն այլ գործընթացների հետ կապված:

Մանրամասն ձեւակերպումների հետ կապված Նազարյանն ասաց, որ երկուստեք պահանջն ու մասնագետների մոտեցումը դա է եղել, որ որոշակի բնագավառներում փորձեն գնալ ավելի մանրակրկիտ ձեւակերպումների՝ դրանով հնարավորություն տալով ավելի բարելավել ոլորտները:

Ինչ վերաբերում է համաձայնագրի ազդեցությանը մեր ավանդական արժեքների վրա՝ Նազարյանն ասաց՝ «որեւէ սպառնալիք այդ առումով համաձայնագիրն իրենից չի ներկայացնում, ավելին՝ ԵՄ մեր գործընկերները շատ հարգանքով են մոտենում այն արժեքներին, որը մեր ժողովուրդը դավանում է»:

Եթե ՌԴ-ն վաղը իր իսկ փողով, իր իսկ ռեակտորով, նոր ռեակտոր որոշի կառուցի՝ իր տեխնոլոգիաներով, համաձայնագրին չի՞ հակասի, չի՞ ծագի խնդիր՝ Նազարյանը պատասխանեց, որ որեւէ անհամատեղության խնդիր չկա:

Թարգմանության հետ կապված էլ Նազարյանն ասաց, որ երբ տեքստը հրապարկվեց նախաստորագրումից հետո, նպատակ ունեին հասարակության լայն հատվածներին իրազեկել. գոյություն ուներ 2-3 թարգմանություն, մեկը, որ հրապարակվեց շուտ եւ ավելի ուշ հղկված տարբերակները: Պատգամավորներին բաժանել են վերջնական հղկված տարբերակները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30