«Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության և հերոսության շնորհիվ ու, շատ հաճախ, նաեւ նրա մեծ զրկանքների գնով վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է հանրապետության երեք նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ»,- երեկ երդմնակալության իր ճառում ասել է Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը: Պետական գործչի մոտեցում է, որն, իմ պատկերացմամբ, պետք է վեր կանգնի քաղաքական հակասություններից, վերը նշված երեք անձանց հարաբերություններից, ինչպես նաեւ այդ երեքի եւ ներկայիս նախագահի հնարավոր տարաձայնություններից:
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մի քայլ է, որը նույնպես հնարավոր չէ չողջունել: Պետական ավանդույթները ստեղծվում են նման քայլերով, եթե ուզում եք՝ «ռիտուալներով»: Ներկաներն անցյալում պետք է տեսնեն նաեւ լավ բաներ, նախկինները ներկայում նույնպես պետք է կարողանան զանազանել դրականը՝ դա է, իմ կարծիքով, պետության գլխավոր ատրիբուտներից մեկի՝ ժառանգականության հիմքը:
Մնացածը նախընտրության հարց է: Ես, օրինակ, կնախընտրեի, որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջարկեր նոր մարդու: Գուցե նա չունենար Սերժ Սարգսյանի փորձը, բայց դա, հնարավոր է, կանխեր որոշակի լճացման երեւույթները, որոնք նկատելի են հատկապես վերջին ամիսներին: Սակայն իմ կարծիքն այստեղ որոշիչ դեր չունի, որովհետեւ իմ համաքաղաքացիները նախորդ տարվա ապրիլի 2-ին վարչապետին ընտրելու իրավունքը տվել են Հանրապետական կուսակցությանը՝ շատերն, այո, 10 հազար դրամ վերցնելով: Եթե «քայլողներն» ու «մերժողներն» ընդունում են այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է ձայների մեծամասնությունը, ապա մնացածը, կարելի է ասել, «լիրիկա» է:
Ես կգերադասեի, որ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Մարզահամերգային համալիրի միջանցքներում լիներ 100 կամ 1000 լրագրող, քան՝ որ լրագրողների առաջ ոստիկանական «կարդոններ» դրվեին, որ նրանք համալիր չբարձրանան: Ես կգերադասեի, որ նրանք տային երբեմն թարսուշիտակ, ոչ կոռեկտ, ոչ գրագետ հարցեր, ինչպես որ դա անում են Ազգային ժողովի սովորական (ոչ հատուկ) նիստերի ժամանակ, քան ընդհանրապես հարցեր չտային:
Ազատությունն ավելի գերադասելի է, քան անազատությունը: Դա չի նշանակում, սակայն, որ հնարավոր չէ ապրել ու աշխատել ազատության սահմանափակման պայմաններում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես օրինակ շատ գոհ եմ՝ մեր որակով իշխանավորների քանակը գնալով շատանում է, ճիշտ է, մի քանի ծաղկով՝ ԿԿ ՎՍ ԱԲ ԱՍ հենց այնպես գարուն չի գա, բայց եթե մտավորականությունը նրանց թիկունքին կանգնի ու պաշտպանի նրանց դրսի միջակությունների միջամտումից, ներսի միջակությունը ի վիճակի չի լինի վնաս հասցնել: